Վահան Շիրխանյանն ասել է, թե ճանաչել է «զինված հանցախմբի» երեք անդամի. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Կենտրոն Նորք Մարաշ դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:
Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման մասնակից լինելու հատկանիշներով:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը ArmLur.am-ին հայտնեց, որ Վ.Շիրխանյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը և որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունքներ տալ, քանի դեռ չի ծանոթացել գործի նյութերին։ Շիրխանյանը ցուցմունք տվել է բնակարանի խուզարկությունից հետո՝ կասկածյալի կարգավիճակում: Խուզարկության ժամանակ Շիրխանյանի բնակարանից առգրավվել են համակարգիչներ, նոթատետր, երկու որսորդական հրացան և 1 ատրճանակ, որը նրան նվիրել էր Վազգեն Սարգսյանը: Առգրավված իրերը, փաստաբանի փոխանցմամբ, ունեցել են իրենց համապատասխան փաստաթղթերը:

Նա քննիչի հարցին ի պատասխան՝ հայտնել է, որ խմբի անդամներից 2-3 հոգու է ճանաչում: Նրանց թվում, ըստ պաշտպանի ներկայացրածի, նշվել է պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի անունը, ում հետ Շիրխանյանը ծանոթացել է Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցնառումների ժամանակ։

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ գործով կալանավորվածների թիվը հասնում է 5 տասնյակի. թիրախավորվածների թվում կան մի շարք ընդդիմադիր գործիչներ: Կալանավորվածներն այս օրերին ցուցմունքներ են տալիս: Նրանք նախաքննական մարմնին ասել են, թե իրենց տիրապետության տակ հայտնված զենք-զինամթերքը Հայաստանում չէին օգտագործելու:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին հայտարարեց զինված խմբի վնասազերծման մասին., իրացնելով օպերատիվ տվյալները ԱԱԾ-ն պարզել է, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ քաղաքացիների։




Լրահոս