Րաֆֆի Հովհաննիսյանը` ԱՄՆ-ում, մյուսները` փողոցում. «Ժառանգության» առաջնորդը հրապարակում չի մնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ իր ընտանիքի անդամների հետ Ամանորը նշելու: Ըստ մեր տեղեկությունների՝ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերը որոշել են «արձակուրդ մեկնել» ու վերադառնալ արդեն հունվարի կեսին:

Մեր տեղեկություններով` «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այս օրերին քննարկում է իր հետագա անելիքները, ու այս միավորմանն անդամակցող քաղաքական ուժերի առաջնորդները հանգել են այն որոշմանը, որ պետք է լայն թափով պայքար սկսել արդեն հունվարի կեսին, քանի որ այժմ տոնական տրամադրություններ են, ու ՀՀ քաղաքացիները հակված չեն պայքարի: Նշվում է նաեւ, որ ճակատի ուժերի մեջ այս հարցի լուրջ տարաձայնություն կա. նրանց մի հատվածը կարծում է, որ պետք չէ ընդիմջել պայքարը, քանի որ հունվարին կրկին քաղաքացիներին «հավաքելը» դժվար կլինի:

Երեկ «Ժողովուրդ»-ն այս հարցերի շուրջ փորձեց զրուցել Ժիրայր Սէֆիլյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Իսկ, ահա, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պայքարը շարունակվելու է:

-Պարո՛ն Մարտիրոսյան, տեղեկություններ կան, որ «Նոր Հայաստան»-ը որոշել է ամանորյա տոներին «մեկնել» արձակուրդ ու վերադառնալ հունվարի կեսին՝ հետագա գործընթացները շարունակելու համար: Ինչո՞ւ եք որոշել Ձեր պայքարը «ընդհատել»:

-Նախ՝ ուզում եմ նշել, որ մեզ մոտ գլխավոր օրակարգը եղել է փոփոխությունները մեր երկրում՝ իշխանությունների կազմում, իսկ այդ նպատակին հասնելու համար մեր առաջ դրել էինք երեք խնդիր: Սահմանադրական հանրաքվեն ընդամենը միջոց էր, գլխավոր խնդիրը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, ժամանակավոր կառավարության ստեղծումը: Իսկ ինչ վերաբերում է արձակուրդին, ապա ասեմ միանգամից, որ արձակուրդ չկա, արձակուրդային տրամադրություն չկա, մենք անընդհատ աշխատանքի մեջ ենք:

-Իսկ ինչպե՞ս է դրսեւորվելու այդ աշխատանքը, արդյո՞ք տոնական օրերին փողոցում եք լինելու, թե՞ այդ օրերին կդադարեցնեք Ձեր պայքարը: Ի՞նչ եք առաջարկում հանրությանը՝ գնալ, մասնակցել տոներին, թե՞ մնալ փողոցում:

-Դեկտեմբերի 31-ին գիշերը կարող եք գալ Ազատության հրապարակ, այնտեղ կարող ենք խոսել, այսինքն՝ մենք այնտեղ ենք լինելու, մենք այնտեղ ենք անելու մեր Նոր տարին, որը եւս պայքարի մի հանգրվան է:

-Իսկ արդյոք այդ օրը Ձեր քաղաքական միավորի բոլոր առաջնորդները եւս կլինեն Ազատության հրապարակում, թե նրանց մի մասը այդ օրը կնշի իր ընտանիքի գրկում, այլ ոչ թե փողոցում:

-Բոլորն էլ լինելու են, մենք մեր աշխատանքը կատարելու ենք, բոլորս էլ կլինենք:

-Բայց տեղեկություններ կան, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օրից ԱՄՆ է մեկնելու՝ իր ընտանիքի անդամների հետ ամանորյա տոները նշելու համար, այդ դեպքում ինչպե՞ս է նա լինելու Ազատության հրապարակում:

-Հիմա եթե այդ մարդու ընտանիքի անդամներն այնտեղ են ի՞նչ անենք, գնդակահարե՞նք Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա ինչի՞, պայքարը միայն այստե՞ղ է, դրսում հանդիպումներ կան: Ի՞նչ կապ ունի դա պայքարի հետ, եթե մարդը գիշերը գնա, տանը քնի, ուրեմն դա նշանակում է, որ մարդը հրաժարվե՞լ է պայքարից, գնացել, քնե՞լ է:

-2008 թվականին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրեցին, որ նա փողոցում էր թողել իր հետ պայքարող քաղաքացիներին ու տուն էր գնացել: Ր. Հովհաննիսյանին չե՞ն մեղադրելու:

-Ուրեմն, եթե Դուք այդ տեսանկյունից եք նայում, ապա ցանկացած առաջնորդի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ քննադատելու առիթ կլինի: Եթե ուղղակի նպատակ կա կպնել Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա կարելի է կպնել, թե ինչու գլխարկ չի դնում, եթե գլխարկ էլ դնում է, կարող եք կպնել, թե ինչու է գլխարկ դնում: Համենայնդեպս, դա առիթ չէ ինչ-որ բաներ ասելու:

-Այնուամենայնիվ, որքանո՞վ եք ճիշտ համարում, որ Ր. Հովհաննիսյանը քաղաքացիներին փողոցում թողնելով՝ մեկնում է ԱՄՆ` տոներն իր ընտանիքի անդամների հետ նշելու համար:

-Իսկ ո՞վ է ասել, որ մենք Նոր տարվա օրը մեր ընտանիքի անդամների հետ չենք լինելու, կամ ով է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամներից չեն լինելու Ազատության հրապարակում: Մենք էլ ենք լինելու մեր ընտանիքի անդամների հետ: Ժողովուրդը ամեն ինչ էլ լավ հասկացել է, լավ հասկանում է: Դադար տեղի չի ունենա, մենք նոր տաքանում ենք, մենք մեր պայքարը շարունակում ենք: Դադարի մասին խոսք լինել չի կարող, կարող է պայքարի ձեւերը փոխվեն, այդ պահի, ոչ թե նպատակը, ոչ թե տակտիկան, այլ այդ պահի գործողության ձեւերը կարող են փոխվել: Բայց պայքարն իր նույն բովանդակությամբ շարունակվելու է, նպատակներով, խնդիրներով, ձեւաչափով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս