ԱՄՆ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
Նա մեկնաբանել է Շվեյցարիայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը: Ջոն Կիրբիի խոսքով՝ «հանդիպումը հնարավորություն է տվել երկու երկրների առաջնորդներին տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել դեմ առ դեմ և պարզաբանել դիրքորոշումները»:
«Նախագահները խոստովանել են իրավիճակի վատթարացումը»,-Կիրբիի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան պատվիրակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է քննարկել կոնֆլիկտի խաղաղ կարգավորման բոլոր միջոցները: Կիրբին ընդգծել է «ազգային դիվանագիտության» կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հանրություններում, որտեղ «մարդիկ դարերից ի վեր ապրել են կողք կողքի և այժմ պետք է կրկին վստահեն միմյանց»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան