Ադրբեջանը ուշ թե շուտ իր վարքագիծը կփոխի. Թևան Պողոսյանը` նախագահների հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարծես թե որեւէ նշանակալի արդյունք չգրանցեց: Համենայն դեպս, այդ հանդիպումից հետո Ադրբեջանը սկսել է սահմանի ողջ երկայնքով էլ ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը:

«ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ ունեիք այդ հանդիպումից, եւ արդյոք դրանք իրականացան:

-Այնպես չէ, որ ակնկալիքները մեծ էին: Բոլորը գիտակցում էին, որ թմբկահար չէին քննարկելու հարցի լուծումը: Ավելի շատ պետք է քննարկեին խնդիրներ, որոնք պետք է միտված լինեին սահմանագծում լարված իրավիճակը կասեցնելուն: Բայց հետեւելով նաեւ իրական կյանքի արդյունքներին՝ պետք է նկատել, որ իրավիճակը որեւէ ձեւով չի մեղմացել:

-Այսինքն՝ կարելի է ասել, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքում որեւէ դրական արդյունք չարձանագրվե՞ց:

-Պետք է ասել, որ որեւէ արդյունք չկա: Կանխատեսում եմ, որ Ադրբեջանը երբեւէ չի պատրաստվի իր վարքագիծը փոխել, եթե իրավիճակը չփոխվի: Իսկ իրավիճակը փոխելու համար պետք է ունենանք լավ, հզոր տնտեսություն եւ դրա հետ հզոր ժողովրդավարական ինստիտուտներ, մեր բանակն էլ ամուր, պինդ կանգնած լինի եւ իր առաջ դրած խնդիրները լուծի: Նաեւ պետք է միջազգային հանրությունը գիտակցի, որ ժամանակն է անցնել թիրախավորված հայտարարությունների: Եթե այդ փոփոխությունները լինեն, բնականաբար, Ադրբեջանը ուշ թե շուտ իր վարքագիծը կփոխի, կգիտակցի, որ որևեւէ հարց չի կարող լուծել: Այլ պարագայում միշտ ունենալու ենք այս վիճակը:

-Պարո՛ն Պողոսյան, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիմանը, հանդես են եկել հայտարարությամբ` դրանում բավականին լավատեսական կանխատեսումներ անելով: Ըստ Ձեզ` ինչի վրա է հիմնված նման լավատեսությունը:

-Այդ հայտարարությունները միտված չեն եղել այլ բանի, քան հույս հայտնելը, որ նախագահները պատրաստ են քննարկելու մեխանիզմներ: Բայց քննարկումների պատրաստակամությունը եւ հարցին լուծում տալը միմյանցից շատ տարբեր բաներ են: Մենք ամեն ինչ պետք է գնահատենք մեր իրական կյանքի արդյունքներից: Եթե կտեսնենք, որ հայտարարությանը գին է տալիս նույն Ադրբեջանը, ուրեմն հայտարարությունը տեղ է հասել, եթե դրանից հետո որեւէ արդյունք չկա, հակառակը, ինքը իր քաղաքականությունն է անում, դա արդեն համանախագահների դաշտում է գտնվում, որ իրենք էլ մեկ անգամ եւս վերագնահատեն իրենց հայտարարությունների արժեքը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս