«Զինված հանցախմբի» գործով կալանավորված և ձերբակալված անձանց թիվը միասին հասել է մոտ 50-ի. թիրախում են նաև ընդդիմադիր շատ գործիչներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծվել էր հացավոր խումբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանցախմբի անդամների գրեթե մեծ մասն արդեն ցուցմունք է տվել, ինչից հետո այս օրերին կալանավորված եւ ձերբակալված անձանց թիվը հասել է մոտ 5 տասնյակի:

Ըստ ԱԱԾ-ի՝ վնասազերծված հանցախումբը ձեռք բերված զենքերը պետք է ծառայեցներ Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելուն: Այս աղմկալի բացահայտում-ներկայացումից անցել է շուրջ մեկ ամիս, եւ մինչ օրս նախաքննություն իրականացնող մարմինը դեռեւս կոնկրետ չի ասում, թե որտեղ, ինչպես եւ, առհասարակ, ում նկատմամբ հարձակում պետք է իրականացնեին խմբի անդամները:

Խոստացված հայտարարությունը, թե շուտով բոլորս ամեն ինչ կիմանանք, դեռ չի արվում, սակայն դրա փոխարեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչներն այս օրերին խմբի անդամներին տարբեր ճանապարհներով համոզելով՝ ցուցմունք են վերցնում եւ ընդարձակում ձերբակալությունների շրջանակը: Մեզ հասած տեղեկություններով` այս օրերին կալանավորված եւ ձերբակալված անձանց թիվը միասին հասել է մոտ 50-ի, եւ թիրախում են նաեւ ընդդիմադիր շատ գործիչներ:
Այս գործով կալանավորված անձանց ցուցմունքներից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որոնց հավաստիությունը մեզ չհաջողվեց պաշտոնապես ճշտել, քանի որ ԱԱԾ-ն հանցախմբին առնչվող հարցերին ունի մեկ պատասխան՝ նախաքննությունը շարունակվում է:

Ուստի մեզ մնում է հղում անելով «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրներին՝ հայտնել, որ կալանավորված անձինք իրավապահների հետ բանավոր զրույցում հայտնել են, թե նշյալ հասցեում հայտնաբերված զենքերը չէին օգտագործելու հայերի դեմ եւ երբեք իրենց թույլ չէին տա ձեռք բարձրացնել հայի վրա: Ու երբ իրավապահները նրանցից հետաքրքրվել են` եթե այդպես է, ապա ինչ նպատակով էին այդքան զենք ձեռք բերել, նրանք պատասխանել են, թե. «Արթուր Վարդանյանը սկզբում ասել է, որ այս զենքերով կկռվենք հանուն Քեսաբի, իսկ ավելի ուշ պլանները փոխվել են, եւ նրանց ասել են, թե այս զենքերով Ղարաբաղի համար ենք գնալու կռիվ»:

Քննիչները կալանավորված անձանց ուշագրավ դիտարկում են արել, որ եթե ուզում էիք Ղարաբաղի համար կռվել, ինչո՞ւ պաշտպանության նախարարություն չէիք դիմում, այլ Արթուր Վարդանյանի շուրջ եք համախմբվել: Շատ ազատամարտիկներ գրեթե միաբերան հայտնել են, որ իրենք իրենց տվյալները, փաստաթղթերը ՀՀ պաշտպանության նախարարությանն են ներկայացրել` հայտնելով, որ ուզում են կամավոր գնալ Ղարաբաղ, օգնել մեր զինվորներին, կռվել, սակայն նախարարությունը մերժել է ազատամարտիկների խնդրանքը՝ նշելով, թե ձեր տարիքը լրացել է, չեք կարող: Դրա համար էլ համախմբվել են Արթուր Վարդանյանի շուրջ` նկատի ունենալով, որ «Հայոց վահան» ՀԿ-ն մեծ ներդրում է ունեցել Քեսաբի ազատագրման գործում:
Նշենք, որ կալանավորված անձինք իրավապահներին հայտնել են նաեւ, որ Արթուր Վարդանյանն իրենցից Ղարաբաղին օգնելու թիմ ձեւավորելու համար պահանջել է անձնագիրը եւ այլ փաստաթղթեր` գուցե հետագայում պաշտպանության նախարարությանը ներկայացնելու կամ այլ նպատակով:

Ի դեպ, գործով կան մարդիկ, որոնք դեռեւս ցուցմունք չեն տալիս, քանի որ խմբի գործողություններից շատ տեղեկություններ չունեն, եւ եթե նախաքննությունն իրականացնող մարմնի հարցերին չկարողանան պատասխանել, ապա այդ փաստը կարող է օգտագործվել իրենց դեմ, ուստի առայժմ ցուցմունքներ չեն տալիս:

Հավելենք, որ կալանավորված անձանց մեջ է նաեւ «Հայոց վահան» ՀԿ-ի առաջնորդ, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի ընկերուհին: Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նորքի առաձնատանը վնասազերծված «հանցավոր» խմբի մեջ աղջիկներ էին եղել` 34-ամյա Մարինե Կաթանյանը, 25-ամյա Ասյա Մկրտչյանը, 21-ամյա Նելի Մինասյանը, որոնք հրաժարվել էին ցուցմունք տալ՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:

Պարզվում է, որ աղջիկները պատահական չեն հայտնվել այդ առանձնատանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մարինե Կաթանյանը Արթուր Վարդանյանի ընկերուհին է, իսկ մյուս աղջիկներն էլ Մարինեի մտերմուհիներն են եւ, ըստ էության, նրա միջոցով էլ հայտնվել են այդ տանը:

Քնար Մանուկյան




Լրահոս