2015-ին արձանագրվել է Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ավտոմեքենաների արտահանման կտրուկ աճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել Երևանում և մարզերում` ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներից խուսափած ավտոմեքենաները բացահայտելու ուղղությամբ: Ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ` 2015 թվականի ընթացքում հայտնաբերվել է 62 չմաքսազերծված ավտոմեքենա. «Ավտոմեքենաների 30 տոկոսը բացահայտվել է մաքսատան կողմից պարբերաբար իրականացվող ստուգայցերի ընթացքում: Ներկայում ուժեղացված աշխատանքներ են տարվում իրավախախտում թույլ տված ևս 150 ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ»:

Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների բոլոր ձևակերպումներն իրականացվում են մեկ վայրում` այդ նպատակով, մաքսատան տարածքում առանձնացված հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում` վճարելով նաև ԱԱՀ-ը: «Այդպիսով, նույն վայրում՝ մեկ հարկի տակ, քաղաքացին ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորություններն, այլև, միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը: 2015 թվականին ԵԱՏՄ երկրներից Հայաստան է ներկրվել 5 700 մեքենա, իսկ երրորդ երկրներից` 24 000:

«Նախորդ տարիների համեմատ աճի միտում է արձանագրվել Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման մասով. եթե նախկինում տարեկան կտրվածքով արտահանվել է առավելագույնը 500-600 ավտոմեքենա, ապա այս տարվա ընթացքում` 4500»,-նշել է ավտոմաքսատան ղեկավարը:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս