Արդեն հայտնել ենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձ է կատարել նաև սահմանային լարվածությանը և մի շարք այլ խնդիրների:
Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ` հասկանալու նրա տեսակետը ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ: Վերջինս փոխանցեց` թեև բավականաչափ լավ ելույթ էր, այնուամենայնիվ այն որևէ դրական ազդեցություն չի ունենալու Հայաստանի համար:
Կարապետյանը նաև կարծիք հայտնեց, որ ՀՀ նախագահի ելույթը մեր ներքին լսարանի համար էր:
«Կարծում եմ, որ ելույթը բավականաչափ լավն էր, բայց այն ոչ մի ազդեցություն չի ունենա, որովհետև եթե ՀԱՊԿ-ն ընդունում է, որ Ադրբեջանն և Հայաստանը մեր հին «եղբայրներն» են, ապա սպասել, որ ՀԱՊԿ-ի ինչ-որ որոշումներ կլինեն, որոնք Ադրբեջանի դեմ կլինեն, անիմաստ է:
Այլ հարց է եթե արտաքին ինչ-որ միջամտություն լինի, որը հիմա չի երևում ու կարծում եմ դեռ չկա` ոչ Ադրբեջանի կողմից, ոչ Թուրքիայի: Արտաքին ինչ-որ դեպքերի հետ կապված հնարավոր է, որ նմանատիպ բաներ լինեն: Ես կարծում եմ` Սերժ Սարգսյանի ելույթը մեր ներքին լսարանի համար էր»,-հավելեց Կարապետյանը: