«ՈՂՈՐՄԻ՛Ր ՔՈ ԱՐԱՐԱԾՆԵՐԻՆ ԵՎ ԻՆՁ՝ ԲԱԶՄԱՄԵՂԻՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հարազատների միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով պատգամավորի կողմնակիցներից Արտյոմ Կարապետյանը (Շեկոն) հիվանդանոցում մահացել էր: Դեպքի կապակցությամբ ոստիկանություն էին բերման ենթարկվել Վարդան Ղուկասյանը, նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, եղբոր տղան՝ Կոլյա Ղուկասյանը: Ավելի ուշ պարզ Էր դարձել, որ ոստիկանություն է ներկայացել նաեւ Վահե Ղուկասյանը եւ խոստովանել, որ ինքն է կրակել Հարություն Խաչատրյանին (Քավոր Հարութին) եւ Արտյոմ Կարապետյանին:
Տեղի ունեցածից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, թե սա երկու կլանների պայքար է: Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, Գյումրու նշված երկու գերդաստանների միջեւ թշնամանք մշտապես եղել է, եւ այս փոխհրաձգությունը Վարդան Ղուկասյանի փեսա Կարեն Եսայանի սպանության շարունակությունն է:
Գյումրիում տեղի ունեցածի եւ դրա հետեւանքների շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ Վարդան Ղուկասյանից:
-Պարո՛ն Ղուկասյան, այս ի՞նչ խառնաշփոթ եւ վախի մթնոլորտ եք ստեղծել Գյումրիում: Ի՞նչ է կատարվում Ձեր եւ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հարազատների միջեւ, ինչպե՞ս կբացատրեք մարդկանց օրը ցերեկով ահաբեկելու Ձեր հարազատների վարքը:
-Հիմա ասեմ, Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը լսե՞լ ես:
-Այո՛, լսել եմ:
-Ապրես, որ լսել ես: Նախավերջին քառատողը գիտե՞ս:
-Իսկ Դո՞ւք:
-Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողությո՛ւն շնորհիր նաեւ իմ թշնամիներին ու ատողներին ինձ դեմ գործած հանցանքների համար եւ ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմությանը. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս: Էսքան բան, էլ բան չունեմ ավելացնելու:
-ԱՄԵՆ: Բայց, ի վերջո, չհասկանա՞նք, թե ինչ է կատարվում: Ձեր գերդաստանի անունն  ամեն տեղ թնդում է: Ավելին, Ձեր եղբոր տղան՝ Վահե Ղուկասյանը, խոստովանել է, որ մարդասպան է:
-Ով ինչ արել է, պետք է պատասխան տա: Օրենքի առաջ բոլորը պետք է պատասխանատու լինեն, ոչ ոք արտոնյալ չպետք է լինի: Ես այդպես ապրում եմ, այդպես գիտեմ եւ այդպես էլ ճիշտ եմ գտնում: Դատապարտում եմ այդպիսի գործառույթները, այդպիսի ձեւերով հարցեր լուծելը, բայց հետագայում կտեսնենք, թե ինչ ցույց կտան քննչական արդյունքները:
-Եթե պատասխանատվության հարց եք բարձրացնում, այս դեպքում Ձեր եղբոր տղան է ձերբակալվածը, ուրեմն ընդունո՞ւմ եք, որ նա է մեղավորը:
-Կանցնի, կերեւա՝ մեղավոր է, թե մեղավոր չէ:
-Ի՞նչը կանցնի, ինչի՞ եք սպասում:
-Ես գիտեմ միայն, որ ինքը 23 տարեկան տղա է ու երբեք նման հարցերի շուրջ չի մեղադրվել ոչ մի անգամ:
-Միգուցե եղել է, Դո՞ւք չգիտեք:
-Դատական պրոցեսները ցույց կտան:
-Լավ, հասկացանք, սպասում եք դատական գործընթացների ավարտին, բայց գյումրեցիների համար կատարվածը զարմանալի չէր, քանի որ նշում են, թե Ձեր եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ հակամարտությունը մշտապես եղել է, ավելին, ապրիլի 23-ի կրակոցները Ձեր փեսայի սպանության հետ են կապում:
-Նման բան չկա: Մենք նրանց հետ թշնամիներ չենք: Այս պահին էլ ես իրենց թշնամի չեմ ճանաչում: Ինձ հասկանալի է, թե ինչ կապ ունեն նրանք կամ ում ինչ արել են՝ գնացել է եւ պատասխանատվություն է կրում: Կրկնում եմ՝ մենք թշնամիներ չենք, իր հորեղբայրը մեր ընկերն է` Համլետ Գրիգորյանը: Մենք ընտրությունների ժամանակ իրենց ենք պաշտպանել, եւ էն գլխից էլ, որ Մարտուն Գրիգորյանը պատգամավոր դարձավ, մենք իրեն ենք պաշտպանել եւ թշնամիներ չենք: Թշնամիներ լինում են քաղաքականության մեջ՝ «Բարգավաճ»-Հանրապետական, չգիտեմ ինչ, այդ սկզբունքներով գնում են առաջ: Բայց մենք թշնամի չենք, եւ մեր թշնամիներին էլ թող Աստված իմաստություն տա: Հավատա՛ ինձ՝ ես թշնամի չունեմ, եւ որեւիցե տղա իմ թշնամին չէ: Ում երակների մեջ հոսում է հայի արյունը, նա թշնամի չունի, միգուցե իրենք այդպես են մտածում, բայց ես չունեմ:
-Եթե թշնամի չունեք, ինչպե՞ս կբացատրեք կրակոցները, ինչին ականատես եղան գյումրեցիները:
-Ես ոչ մի բան չգիտեմ: Խաղաղություն ամենեցուն, եւ եթե լինում են նման դեպքեր, խելացի մարդը դատապարտում է: Եվ ում էլ որ մեծն է հրահրում, եւ ով էլ որ հրահրում է երիտասարդներին նմանատիպ բաների, ապա կասեմ, որ այդ մեծը Աստծուց պետք է սատակի:
-Փաստորեն, երիտասարդներին հրահրե՞լ են: Ո՞վ:
-Էլ մի՛ լեզվիդ ճարտարություն արա: Այսքան բան կասեմ քեզ եւ մի բան էլ. նա, ով չի կանխում այս ամենը, նա լավ մարդ չէ:
-Իսկ այդքան զենք-զինամթերք, թմրանյութ, որ հայտնաբերվեց նաեւ Ձեր հարազատների մոտ, դա ո՞նց եք բացատրում:
-Դա ինձ հետ կապ չունի, ասի վերջ: Ցտեսություն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս