Ազատության հրապարակում երեկ հերթական հանրահավաքն էր. այս անգամ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ԲՀԿ-ն էր հանդիպել մայրաքաղաքի բնակչության հետ:
Ուշագրավը, թերեւս, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն էր. տեւական լռությունից հետո նա երեկ որոշակի ուղերձներ փոխանցեց: «Ես ոչ մեկի առաջ բարոյական պատասխանատվություն չունեմ, միայն ձեր առաջ, ժողովրդի առաջ ունեմ»,-ասաց Ծառուկյանը: Նկատենք, որ այս ակնարկը կարող էր ուղղված լինել ինչպես Սերժ Սարգսյանին, որը, բնականաբար, դժգոհ է ԲՀԿ-ի` վերջին շրջանի ընդդիմադիր ելույթներից, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանին, որն էլ իր հերթին, ըստ որոշ տեղեկությունների, դժգոհ է ԲՀԿ-ի` ընդդիմադիր շեշտադրումներում ոչ բավարար կոշտությունից: Ավելին, Ծառուկյանը նաեւ կոչ արեց չվախենալ նրանցից, ովքեր փորձում են վախեցնել: «Ով փորձում է, դրանք ամենավախկոտ եւ թույլ մարդիկ են, նրանք վախենում են իրենց ճակատագրի համար, որ պաշտոնից հեռացնեն, նրանց բարեւ տվող չի լինելու»,-նկատեց ԲՀԿ նախագահը: Նա նաեւ վստահեցրեց՝ ԲՀԿ-ի քաղաքապետը կաշառք չի վերցնելու, իսկ եթե նման քայլի գնա, նույն օրը պատասխան կտա արածի համար ու կհեռացվի աշխատանքից: Իհարկե, այս պնդումը, մեղմ ասած, դժվար է հավատարժան համարել, քանի որ մինչ օրս ԲՀԿ-ական պաշտոնյաներից որեւէ մեկն աշխատանքից չի հեռացվել կաշառք վերցնելու համար, եւ, բնականաբար, ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ չի վերցրել: Հենց միայն ԲՀԿ-ի ցուցակի 4-րդ տեղում ներկայացված Սերգեյ Բագրատյանի անվան հետ կապված տարատեսակ կոռուպցիոն պատմությունները բավական են կասկածելու համար:
Ինչեւէ, ԲՀԿ առաջնորդը վստահեցրեց. «Չկա չլուծվող խնդիր, բոլոր խնդիրները լուծելի են, միայն հարկավոր է ճիշտ ծրագիր, ճիշտ մարդիկ, ովքեր կիմանան՝ ինչի համար են այդ գործին գնում»: Ծառուկյանից հետո ելույթ ունեցավ ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, այսինքն` ըստ Ծառուկյանի` հենց այն ճիշտ մարդը, որը գիտի, թե ինչի համար է քաղաքապետի պաշտոնին գնում: Թեպետ Օսկանյանը մի առիթով արդեն իսկ խոստովանել է, որ քաղաքապետ դառնալն «այնքան էլ իր ուզածը չէ»: Իսկ երեկ էլ նա հայտարարեց, թե Հայաստանի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, խորացման, ժողովրդի բարեկեցության գլխավոր խոչընդոտը ոչ թե տնտեսական մենաշնորհը, կոռուպցիան են, այլ քաղաքական մենաշնորհը: Ըստ նրա՝ առանց դա վերացնելու Հայաստանը չի կարող վերացնել մեր հասարակությունում առկա մյուս թերությունները, ընթանալ զարգացման ճանապարհով:
Իսկ ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանն էլ Եղիշե Չարենցի խոսքերով ձեւակերպեց իրենց ուզածը. «Մենք այն ենք ուզում, ինչ ամենքդ։ Մենք համաձայն չենք նրա հետ, որ մեր աչքի առաջ մեր պապերի, հայրերի երազած Հայաստանը օր օրի, կաթիլ առ կաթիլ մաշեցվի»։ Արսենյանը կոչ արեց երեւանցիներին մասնակցել ավագանու ընտրություններին եւ ձայն չտալ այն քաղաքական ուժին, որի գործունեությունից դժգոհ են բոլորը:
Ա. ԳԱԼՈՅԱՆ