Չենք հանդուրժի, որ մեզ խիստ շրջանակների մեջ դնեն. Ժակն ու Լուլուն կրկին էկրաններից միասի՞ն հանդես կգան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ հաղորդավարներ Ժակը (Հակոբ Պապիկյան) եւ Լուլուն (Լուսինե Բադալյան), ովքեր 5 տարի շարունակ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ողջունել են հեռուստադիտողին «Սկսենք նորից» առավոտյան ծրագրի շրջանակներում, այլեւս նորացված հեռուստաալիքում չեն աշխատելու` նոր ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ժակի հետ:

IMG_9781_ts1323251280

-Ժա՛կ, եթե Լուլուն հանրությանը տեղյակ պահեց «Կենտրոն» TV-ից Ձեր հեռանալու պատճառների մասին, ապա Դուք զերծ մնացիք որեւէ մեկնաբանություն տալուց. ինչո՞ւ:

-Լուսինեի խոսքին ավելացնելու ոչինչ չկար: Միայն կցանկանամ շնորհակալություն հայտնել բոլոր հեռուստադիտողներին, որոնք մեզ հետեւել են, եւ գործընկերներին, որոնց հետ առիթ ենք ունեցել աշխատելու: Մեր միջից հանրային շփումներում առավել ակտիվը Լուսինեն է: Հեռուստատեսությունից հեռանալու մասին նրա հայտարարությունը վերաբերում էր երկուսիս, ես համաձայն եմ նրա մտքերի հետ:

-Արդեն հասցրե՞լ եք ստանալ աշխատանքի հետաքրքիր առաջարկներ, որոնց մասին կցանկանաք պատմել:

-Այս վերջին իրադարձությունները տեղի ունեցան ընդամենը օրեր առաջ, եւ դրանցից բառացիորեն երկու օր հետո արդեն աշխատանքի կոնկրետ առաջարկ կա, որի մասին դեռ չեմ ցանկանա խոսել: Տոներն անցնեն, հետո նոր կկողմնորշվենք:

-Ձեզ` որպես հաղորդավարների, լսարանը սովոր է ընկալել միասին: Հետագայում եւս հեռուստատեսությամբ հանդես կգա՞ք մեկ ընդհանուր նախագծում, թե՞ հնարավոր է՝ ամեն մեկդ առանձին գործունեություն ծավալեք:

-Իրադարձությունները երբեմն մեզնից անկախ են զարգանում` դնելով մեզ կյանքի տարբեր ուղիների վրա: Չգիտենք` հանգամանքներն ինչպես կդասավորվեն. դրանք մեզ միասին կպահեն, թե յուրաքանչյուրիս համար առանձին առաջարկ կլինի: Միեւնույն ժամանակ չենք ուզում շտապել: Լուսինեի հետ մենք շարունակում ենք աշխատել «Ռադիո Վան»-ում, մեր համագործակցությունը շարունակվում է տարբեր նախագծերի, միջոցառումների, համերգային ծրագրերի շրջանակներում: Մենք իրար հետ խնդիր չունենք եւ սպասում ենք մասնագիտական ճանապարհի շարունակությանը: Արդեն 15 տարի է` միասին աշխատելը մեզ համար հարմար է, հաճելի եւ դրական: Երկուսս էլ մեկս մյուսիս համար մտահոգ ենք եւ ցանկանում ենք հարմար առաջարկի դեպքում որպես հեռուստատեսային դեմքեր կրկին կաշխատել միասին: Ի դեպ, մենք դեռ «Կենտրոն»-ից դուրս գալուց առաջ մտածում էինք սեփական պրոդուկտ ստեղծելու մասին. ունենք մի նախագիծ, աշխատում ենք հեռուստատեսային ծրագրի վրա, որի արտադրությամբ զբաղվելու է «Ռադիո Վան»-ը, թե որ հեռուստաընկերությամբ այն կցուցադրվի, դեռ հայտնի չէ:

լիլու-600x338

-Նախապատվությունը ինչպիսի՞ առաջարկներին կտաք եւ ո՞ր դեպքում եք բացառում Ձեր համաձայնությունը, հատկապես, վերջին իրադարձություններից հետո:

-Չենք հանդուրժի, որ մեզ խիստ շրջանակների մեջ դնեն, հաշվի չնստեն մեր որոշակի հայացքների հետ: Մեր գործունեությունը չպետք է հակառակ լինի մեր մարդկային տեսակին: Մենք ինքներս կոմպրոմիսի գնացող մարդիկ ենք, բայց մեր գործընկերների, ղեկավարության կողմից մեր նկատմամբ հարգանքը պետք է նկատելի լինի: Այս դեպքում հնարավոր է հաջողությունների հասնել: Շատ կարեւոր է նաեւ այն, որ վարկանիշ ապահովելու խնդիրը լուծելուն զուգահեռ հնարավորություն ունենանք այնպիսի հաղորդումներ վարել, որոնք հետք կթողնեն:

-Որքան էլ խոսվում է այն մասին, որ ռադիոն օրեցօր զիջում է իր դիրքերը, միեւնույն է՝ նոր մոտեցումների ու գաղափարների շնորհիվ հնարավոր է լինում ժխտել այդ պնդումը: Դուք ունե՞ք ռադիոյին նոր շունչ հաղորդելու Ձեր տարբերակները, ծրագրեր, որոնք, գուցե, դեռ չեք իրագործել:

-Դասական ռադիոտարբերակի շրջանակներից դուրս գալու ելքերը բազմազան են: Օրինակ` ռադիոն տրանսֆորմացնելու, այն վիզուալ դաշտ տեղափոխելու մտքեր ունենք: Մենք վաղուց ունենք օնլայն, վիդեո եւ աուդիո հեռարձակումներ: Ըստ իս, ռադիոծրագրերը պետք է դարձնել շատ անմիջական, դրանցում յուրահատուկ ձեւով ներգրավել ունկնդիրներին, թեկուզ ապահովել նրանց ներկայությունը ռադիոյում: Կարծում եմ` նոր տարում բոլոր մտքերը կիրականացնենք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս