ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՐԳԱՄԻՉԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերի համար խորհրդարանական գործունեությունը սկսվում եւ ավարտվում է ԱԺ դահլիճում քվեարկության կոճակ սեղմելով: Դրա հետեւանքով էլ ԱԺ դահլիճը սովորաբար միայն քվեարկությունների ժամանակ է լեփ-լեցուն լինում: Ավելին, քվեարկությունների ավարտից հետո, երբ խորհրդարանն անցնում է օրինագծերի քննարկմանը, դահլիճը մի պահ նմանվում է դպրոցի տարրական դասարանների, երբ աշակերտները երկար ու տանջալից դասից հետո վայրկյան առաջ շտապում են դասամիջոցի դուրս գալ:
Այս երեւույթը վաղուց ի վեր դարձել է սովորական: Ու եթե ՀՀԿ-ական պատգամավորները մի փոքր համբերություն ու զգուշավորություն ցուցաբերեին, դահլիճից միանգամից խմբով եւ աղմկելով դուրս չգային հենց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքի ժամանակ, ապա հազիվ թե որեւէ մեկն ուշադրություն դարձներ կատարվածին: Այնինչ, ՀՀԿ-ական պատգամավորները հակառակի նման աղմկելով դահլիճը լքեցին հենց այն պահին, երբ Հովիկ Աբրահամյանն ընթերցում էր ԱԺ քննարկման դրվելիք նախագծի վերնագիրը: Դա էլ բավական զայրացրեց խորհրդարանի ղեկավարին: «Ես պետք է խնդրեմ իմ գործընկերներին տարրական կուլտուրա ունենալ, որ երբ ԱԺ նախագահը խոսում է, գոնե սպասեն նա ավարտի խոսքը,-դիտողություն արեց Աբրահամյանն ու շարունակեց,-եւ ընդհանրապես ես հասկանում եմ՝ ԱԺ պատգամավորները նիստերին մասնակցում են  միայն քվեարկությունների համար: Եվ ես երեւի որոշում ընդունեմ՝ հարցերն ավարտենք, հետո քվեարկություն կազմակերպեմ: Եվ ես ուզում եմ իմ գործընկերներին, որոնք միջանցքով քայլում են, հիշեցնել ԱԺ կանոնակարգի 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ ԱԺ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին: Ես խնդրում եմ պատգամավորներին, որ իրենց օրենսդրական գործունեությամբ զբաղվեն ու հարգեն իրենց գործընկերներին»: Ավելին, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսուհետ ԱԺ քարտուղարությանը հանձնարարում է յուրաքանչյուր նիստի ժամանակ հետեւել ու խորհրդարանի կայքում դնել, թե որ պատգամավորներն են մասնակցում ԱԺ աշխատանքներին: «Ամեն նիստին ստուգելու եմ ներկա-բացական: Լրատվամիջոցներին էլ խնդրելու եմ ուշադիր լինել ու մամուլում, սոցիալական ցանցերում տարածել այդ ամենը, որպեսզի մեր ընտրողները մյուս անգամ նման պատգամավորների չընտրեն եւ մյուս անգամ չուղարկեն ԱԺ, չգործուղեն ԱԺ»,-ասաց նա:
Չնայած Հ.Աբրահամյանի այս դիտողություններին՝ ԱԺ պատգամավորներից շատերը, միեւնույն է, անդրդվելի մնացին եւ  օրվա երկրորդ կեսից ԱԺ դահլիճում գտնվող պատգամավորներին կարելի էր հաշվել ձեռքի մատների վրա:
Նշենք, որ չնայած այս ամենին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բազմիցս կոչ է արել պատգամավորներին քվեարկել միայն իրենց փոխարեն, սակայն երեկ կրկին նույն իրավիճակն էր. ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկությունից հետո խնդրեց լուսատախտակին նորից ցուցադրել քվեարկության արդյունքները: Պարզվեց՝ պատգամավորներից մի քանիսը քվեարկել էր բացակա ընկերների փոխարեն: «Հորդորում եմ բոլոր պատգամավորներին քվեարկել իրենց փոխարեն, իսկ պարոն Մինասյանին շնորհակալություն, որ իմ ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա»,-ասաց Հ.Աբրահամյանը:
Քանի որ երեկ Հ.Աբրահամյանը կոչ էր անում այլեւս չընտրել ու խորհրդարան չգործուղել նման պատգամավորների, «Ժողովուրդ»-ը հարցրեց՝ ինչու է զայրանում, եթե գործուղողը հենց ՀՀԿ-ն է. «Ես չզայրացա: Դիտողություն արեցի, որ չի կարելի: Եվ հետո՝ բոլորն էլ մերն են՝ բոլոր պատգամավորները»: Իսկ կարո՞ղ է Ձեզ արդեն չեն ենթարկվում: «Ենթարկվելու հարց չկա: Ինձ հարգում են»,-պատասխանեց Աբրահամյանը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀՀԿ-ին, պետք է խորհելու առիթ տան: «Որպեսզի պատգամավորները հստակ գիտակցեն, թե իրենց աշխատանքն ինչումն է,-նշեց նա՝ հավելելով,-խոսքը չի վերաբերում միայն քվեարկություններին, ընդհանրապես, խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար մենք շատ լուրջ աշխատում ենք: Դա չի նշանակում, որ մենք կհասցնենք ամեն ինչ անել այս խորհրդարանի համար, բայց մինչեւ հաջորդ խորհրդարանի ձեւավորումը կարծում եմ՝ հանդես կգանք լուրջ փոփոխությունների առաջիկություններով, որոնք էլ հնարավորություն կընձեռեն ավելի աշխատանքային մթնոլորտ ունենալ ԱԺ դահլիճում, քան այսօր կա»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս