Արաբական աշխարհը շարունակում է ցնցվել մեկը մյուսին հաջորդող հեղափոխություններից` առաջացնելով համաշխարհային հանրության անհանգստությունն ու զարմանքը: Տասնամյակներ շարունակ այս չափազանց մեծ տարածաշրջանը դիտվում էր միայն նավթի եւ Իսրայելի հետ հարաբերությունների համատեքստում: Արեւմուտքը արաբ բռնապետերին ներում էր ամեն ինչ, միայն թե նրանց խելքներին չփչեր բարձրացնել նավթի գները կամ պատերազմ սկսել Իսրայելի դեմ: Առավելագույն փոփոխությունը, որն անհրաժեշտ էր Արեւմուտքին, թավշյա հեղափոխությունն էր Սիրիայում, ինչը, սակայն, հակառակի պես, առայժմ տեղի չի ունենում: Նախագահ Բաշեր Ասադը, արագ հասկանալով, որ սոցիալական բունտի ալիքը շուտով կհեղեղի նաեւ Սիրիան, շտապեց հայտարարել երկրում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու մտադրության մասին: Եւ այժմ այդ բարեփոխումների իրականացման արագությունից է կախված` կհասնի՞ հեղափոխական ալիքը Սիրիա, թե՞ ոչ: Թունիսից եւ Եգիպտոսից հետո հեղափոխությունների քամին հասել է Եմեն, Բահրեյն եւ Լիբանան: Եմենում իրադրությունը գնալով սրվում է: Վերջին շաբաթվա ընթացքում նախագահ Սալեխի կողմնակիցների եւ հակառակորդների բախումների արդյունքում տուժել է մի քանի հարյուր մարդ: 32 տարի պաշտոնավարող Սալեխը, կարծես թե, առայժմ հաջողությամբ կիրառում է երկակի քաղաքականություն. մի կողմից խոստանում է չմասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, մյուս կողմից հրահրում է սեփական կողմնակիցների բախումները վարչակազմի հակառակորդների հետ: Եմենը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է, բացի այդ` այստեղ առկա է Հարավային Եմենի անջատողական շարժման գործոնը: Նաեւ հետաքրքիր է, որ ծավալվող իրադարձություններին դեռեւս իր մասնակցությունը չի բերում «Ալ-Ղայիդա» ահաբեկչական խմբավորումը, որ Աֆղանստանից հետո, թերեւս, հենց այս երկրում ունի ամենածանրակշիռ ներկայությունը: Բահրեյնում ժողովրդական հուզումները սկսվեցին փետրվարի 14-ից: Պարսից ծոցում գտնվող այս կղզու բնակիչներին, որոնք մեծամասնությամբ շիա մահմեդական են, այլեւս անտանելի է սուննի թագավորի եւ էլիտայի իշխանությունը: 1971 թվականից, երբ Բահրեյնը ստացավ անկախություն, երկիրը թագավորում է Համադ էլ Խալիֆը: Համաշխարհային մակարդակով վարչապետության երկարատեւության ռեկորդը նույնպես պատկանում է Բահրեյնին: Թագավորի զարմիկ Խալիֆ Էլ Խալիֆը ղեկավարում է այս երկրի կառավարությունը նույնպես 1971 թվականից: Ժամանակները, երբ Բահրեյնը համարվում էր հումքային հարուստ տնտեսություն ունեցող երկիր, արդեն անցյալում են: Նավթի պաշարները վերջանալու վրա են: Պետք է նշել, որ քաղաքական իրավիճակից դժգոհողներ կան նաեւ իշխանության մեջ: 40 հոգանոց ստորին խորհրդարանի 18 անդամները հրաժարվել են աշխատել` ի նշան բողոքի` ցուցարարների վրա կրակելու համար: Արդեն հրաժարական են տվել նաեւ 4 նախարարներ: Բահրեյնի վրա մեծ ազդեցություն ունի Սաուդյան Արաբիան, որի թագավորը խիստ անհանգստացած է արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացների պատճառով: Նա անգամ փորձեց լուրջ ճնշում կիրառել ԱՄՆ-ի հանդեպ, որպեսզի վերջինս ամեն գնով աջակցի Մուբարաքին: Կարծում ենք, որ Սաուդյան Արաբիան անպայման կխառնվի Բահրեյնում զարգացող իրադարձություններին` փորձելով պահպանել սուննի փոքրամասնության քաղաքական դիրքերը:Եւ, վերջապես, Լիբանանը, որտեղ 1969 թվականից իշխում է գնդապետ Մուամար Կադաֆին, որը վերջին տարիներին ընկերություն էր անում Պուտինի, Չավեսի, Լուկաշենկոյի եւ այլ մեծ ու փոքր բռնապետերի հետ: Միջազգային հանրությունը երկար տարիներ Լիբանանի նկատմամբ կիրառում էր պատժամիջոցներ, որոնք,սակայն, անցած 3 տարում բավական մեղմացել են: Երկրում ծայր առած խռովություների արդյունքում երկու օրվա ընթացքում արդեն զոհվել է 20 ցուցարար: Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ 40 տարի իշխող բռնապետին կհաջողվի ճնշել ժողովրդական հուզումները: Առաջիկայում նմանատիպ գործընթացներ սպասվում են Հորդանանում, Մարրոկոյում եւ Հյուսիսային Սուդանում: Մագրիբի երկրները եւ Մերձավոր Արեւելքը ցնցող իրադարձությունների պատճառների մեծամասնությունը առկա է նաեւ Հայաստանում` առաջին անհրաժեշտության ապրանքների բարձր գներ, գործազրկության մեծ տոկոս: Չկա 30 տարի իշխող նախագահ, սակայն վերջին 13 տարիների իշխանությունը, միեւնույն է, ուզուրպացված է, ու եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, ապա այս իշխանությունը կարող է հավերժ վերարտադրվել:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ ՄԵԶ ՄՈՏ ԷԼ ԵՆ ԱՌԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ