ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԱՐՁԱԳԱՆՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մի խումբ լրագրողներ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին հանձնեցին լրագրողների կողմից իրականացվող ստորագրահավաքի արդյունքները: Վերջինս խոստացավ ծանոթանալ պահանջին ու արձագանքել:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը համացանցում հանդես էր եկել մի առաջարկությամբ, որին շուրջ 30 լրատվամիջոց է միացել: Հայտարարությունում նշված է. «Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը ապրիլի 29-ին  վճռեց մերժել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: «Ժողովուրդ»-ը Խաչիկ Խաչատրյանից պահանջում էր ընդամենը ներողություն խնդրել՝ լրագրողին վիրավորելու՝ «պրաստիտուտկա» անվանելու համար: Սակայն դատավորն իր կայացրած վճռով մեր՝ լրագրողների հետագա գործունեությունը ըստ էության դժվարացնում է, քանի որ այսուհետ ցանկացած գործարար կամ չինովնիկ կարող է վստահ լինել, որ իրեն հարց տալու համար լրագրողին կարող է հայհոյել, անպատվել ու մնալ անպատիժ: ՄԵՆՔ՝ ՆԵՐՔՈՍՏՈՐԱԳՐՅԱԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՍ, ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ԴԵՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ. ՍԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է՝ ՔԱՆ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՇԿԱՆԴԵԼՈՒ ՓՈՐՁ: Դիմում ենք ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, որպեսզի հանդես գա օրենսդրական փոփոխության առաջարկով: Անհրաժեշտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում տեղ գտած «հրապարակային վիրավորանք» ձեւակերպումը չտարածվի լրագրողների վրա, որպեսզի նրանց մասնագիտական գործունեության ժամանակ անհրաժեշտ հեռախոսազանգերը եւ ինֆորմացիա ճշտելու այդ ձեւը դատարանի կողմից չհամարվի «անձնական զրույց»»:
Ասել է թե՝ Դավիթ Հարությունյանի ձեռքերում է լրագրողների հետագա գործունեությունը խոչընդոտող խնդրի կարգավորման բանալին: Այլապես հղփացած օլիգարխները, կիսագրագետ չինովնիկներն ու անհասկանալի կրթություն ունեցող մի շարք պատգամավորներ, ոգեւորվելով դատարանի կայացրած որոշումից, կարող են իրենց զանգահարած լրագրողներին հայհոյել ու մնալ անպատիժ: Իսկ անպատժելիությունը ծնում է նոր հետեւանքներ:




Լրահոս