Պարզվում է` դեղին պետհամարանիշերով տաքսիների առանձնացումը ՀՀ տրանսպորտի տեսչության կողմից չի վերահսկվում, մինչդեռ դաշտում ապօրինի գործունեություն ծավալող վարորդների թիվը շարունակում է ավելանալ: «Քաղաքացիական դիրքորոշում» հկ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդում է, որ տրանսպորտի տեսչության համապատասխան տեսուչները դադարեցրել են ստուգայցերը:
Տեղեկացնենք, որ ՀՀ տրանսպորտի տեսչությունը ոստիկանության հետ համատեղ 2009-ի փետրվարից սկսել էր ստուգայցերը: Տուգանվում էին բոլոր այն անհատ տաքսիստները, որոնք չունեին դեղին պետհամարանիշեր եւ վարում էին 10 տարվա հնության մեքենաներ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշել էր տաքսի ծառայություններից հանել դեղին համարանիշը, նաեւ՝ ամենօրյա տեխզննման ու վարորդների ամենօրյա բուժզննման պահանջները: Դեղին պետհամարանիշերով տաքսու վարորդները որպես փոխհատուցում պետք է մեկ տարի հարկ չվճարեին: Ըստ այդ որոշման` անվտանգ երթեւեկելու առումով դեղին համարանիշը որեւէ առավելություն չունի, փոխարենը տաքսու վարորդներն ազատվում են լրացուցիչ գումարներ վճարելուց եւ երկու պետական կառույցի դիմելուց` գործարքը կատարելով 1 օրում` նախկին 5-7 օրվա փոխարեն: Իսկ ավտոմեքենաների դեղին պետհամարանիշերը պետք է փոխարինվեն ինքնակպչուն կտրոններով:
«Քաղաքացիական դիրքորոշում» հկ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը դեմ է դեղին պետհամարանիշերը վերացնելուն: Նրա խոսքով` այսօր քաղաքացին օրինական տաքսին տարբերում է միայն դեղին համարանիշի միջոցով, իսկ այդ փոփոխության դեպքում կարող է չտարբերել, ինչի պատճառով էլ դաշտը կդառնա անվերահսկելի: Նոր փոփոխության հիմնավորումը «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Եղիազարյանինն է:
«ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեռեւս մարտ ամսին, երբ հանդիպեց վարորդներին, խոստացավ դիմել ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին ու վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի լուծվի անհավասար մրցակցության հարցը, քանի որ տաքսիների մի մասը դեռ շարունակում է ապօրինի աշխատել: Իսկ հիմա մարդիկ անորոշության մեջ են: Իմ տեղեկությամբ՝ տրանսպորտի տեսչությունն էլ ստուգայցերը դադարեցրել է, ու գրդոնն այնքան է շատացել, որ օրինական դաշտի տաքսու վարորդները դժգոհում են: Ամեն օր բողոքում են»,-զայրացած ներկայացրեց Դոստուրյանը:
Նրա տեղեկացմամբ` եթե այս մեկ շաբաթվա ընթացքում տրանսպորտի տեսչությունը չվերսկսի ստուգայցերը, ապա տաքսիների վարորդները կրկին բողոքի ակցիա կկազմակերպեն: «Նրանք հուսահատված ու զայրացած են: Ամեն անգամ վարչապետը հայտարարում է, թե պետք է աջակցել փոքր եւ միջին բիզնեսին, բայց արի՛ ու տես, որ ավելի են խանգարում: Հենց հիմա եկե՛ք միասին դուրս գանք եւ քաղաքի փողոցներում կտեսնենք հարյուրավոր սպիտակ համարանիշերով տաքսիներ, որոնք գործում են անօրինական դաշտում: Իրենք չեն կարող պադվալում գաղտնի աշխատել, դա տեսնում են վարչապետը, նախարարը, քաղաքապետը, ոստիկանը, տրանսպորտի նախարարության տեսուչը, բայց չեմ հասկանում, թե ինչու են թույլատրում դա: Ավելին, տրանսպորտի եւ կապի նախարարությունում քաջատեղյակ են այս բարձիթողի վիճակից»,-տեղեկացրեց նա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տաքսու վարորդներն ասացին, որ կողմ են դեղին պետհամարանիշերի պահպանմանը եւ հարկային բեռի թեթեւացմանը: Բայց մյուս կողմից նրանք պահանջում են, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչությունն իր` ստուգայցեր կազմակերպելու գործառույթը փոխանցի ճանապարհային ոստիկանությանը:
Տաքսու վարորդները պահանջում են նորից վերսկսել ստուգայցերը, քանի որ հնարավոր չէ այսպես աշխատել: «Թող օրենքը բոլորի համար գործի: Չենք կարողանում նորմալ աշխատել, որպեսզի գոնե վճարենք հարկային վճարները: Համ ասում եք, որ օրինական դաշտ եք հրավիրում, իսկ արդեն եկածների համար էլ հավասար պայմաններ չեք ստեղծում: Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, քաղաքապետը խոսում է տրանսպորտից, տաքսին էլ է այդ տրանսպորտի մի տեսակը, դե միջամտե՛ք, անդրադարձե՛ք խնդրին: Ու հինգ տարի է, ինչ մեր իշխանությունները աչք են փակում այս հարցերի վրա»,-վրդովված նկատեց տաքսու վարորդ 54-ամյա Գագիկ Մանուկյանը:
Իսկ մեկ այլ վարորդ՝ Վաչիկ Ավետիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց` ասելով. «Մենք ժամանակին 17 հազար դրամ ենք վճարել դեղին պետհամարանիշերի համար, իսկ թղթաբանության համար՝ 40 հազար դրամ: Դե թող այդ գումարը հետ վերադարձնեն: Եթե հինգ տարում չկարողացան դաշտը մաքրել, հիմա էլ ի՞նչ սպասենք իրենցից: Նույնիսկ ստուգայցեր չեն անում, եւ ով ինչ «դվիժենի» կարողանում` անում է»: Նրա համոզմամբ՝ որոշ ժամանակ անց Հայաստանի գործարարներից երկուսը կմիանան, կստեղծեն տաքսի ծառայություն, կներկրեն միանման մեքենաներ ու կփորձեն դրանով դաշտը մոնոպոլացնել. «Մենք էլ կգնանք Ռուսաստան` բանվորություն անելու: Ախր հիմա այնքան դժվար է դարձել մի կտոր հաց վաստակելը»:
Հ.Գ. Շրջանառվող խոսակցությունների համաձայն` ապօրինի գործող տաքսու վարորդները ամսական 5-հազարական դրամ են հավաքում եւ տալիս տեսուչներին՝ իրենց «չնեղացնելու» համար:
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՍՏՈՒԳԱՅՑԵՐԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ