Մայիսի 3-13-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում տեղի կունենա մինչեւ 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը, որին մեր երկիրը կներկայանա երեք մարզիկով։
Հայաստանը կներկայացնեն անցյալ տարվա Եվրոպայի եւ աշխարհի պատանիների չեմպիոն եւ հնգակի ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը (77 կգ, Սամաղար), պատանիների Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը (+105 կգ, Գյումրի) ու Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը (58 կգ, Երեւան)։ Պատվիրակության ղեկավարն է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, իսկ թիմի մարզիչը` Մելիք Ղուկասյանը։
Պերու մեկնելուց առաջ «Ժողովուրդ»-ը ցանկացավ Փաշիկ Ալավերդյանից տեղեկանալ, թե ինչու է Հայաստանի պատվիրակության կազմն այդքան փոքր, մի՞թե չկան այլ արժանի մարզիկներ, որոնք հաջողությամբ կներկայացնեին մեր երկիրն աշխարհի առաջնությունում:
Պարոն Ալավերդյանը նշեց, որ Պերու են մեկնում ուժեղագույնները, ովքեր կարող են լրջորեն պայքարել մեդալների համար: Դրա մասին են վկայում ինչպես նրանց նախկին նվաճումները, այնպես էլ այսօրվա մարզավիճակը. «Իհարկե, կային նաեւ այլ ծանրորդներ, ովքեր կարող էին լավ հանդես գալ, սակայն այս դեպքում հաշվի ենք առել նաեւ մրցավայրի հեռավորությունը, դրա հետ կապված ծախսերը: Մեր նպատակը մեդալներն են, այլ ոչ թե զուտ որպես զբոսաշրջիկ մասնակցելը… Իսկ երբ միջազգային խոշոր մրցաշարերն անց են կացվում մեր հարեւան երկրներում, ասենք՝ Իրանում, Թուրքիայում, նաեւ Ռուսաստանում, մասնավորապես Կրասնոդարի երկրամասում, մենք մրցավայր ենք մեկնում ավելի մեծ կազմով. փորձ ձեռք բերելն արդյունքները բարելավելու լավագույն պայմաններից է: Մոտիկ երկիր մեկնելու ծախսերն էլ, իհարկե, անհամեմատ քիչ են լինում»:
ԳՆՈՒՄ ԵՆ` ՈՉ ՈՐՊԵՍ ՏՈՒՐԻՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ