Ցմահ դատապարտվածները մտադիր են հացադուլը դադարեցնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերը գրում է, որ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այցելել է դեկտեմբերի 14-ից հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին: Պատգամավորը հանդիպում է ունեցել ազատազրկվածներից մի քանիսի հետ: Նշենք, որ հացադուլ են հայտարարել 38 ցմահ ազատազրկված: ԲՀԿ ղեկավարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ազատազրկվածները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք բազմաթիվ են եղել. «Ցմահ ազատազրկվածներն իրենց խնդիրները ներկայացրել են 10 կետով, դրանք ուղղարկել են նաեւ ԱԺ պատգամավորներին, եթե փորձեմ կարճ ձեւակերպել իրենց պահանջները, ապա նախ այն է, որ վերջապես գործեն 2011 թվականի մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որը որոշակի մեղմացումներ է նախատեսում ցմահ ազատազրկվածների համար»: Ցմահ ազատազրկվածները պատգամավորին տեղեկացրել են նաեւ, որ այժմ չի գործում պայմանական ազատման կետը, որը սահմանված է օրենսդրորեն:

«Չնայած նրան, որ ըստ օրենքի՝ 20 տարի պատիժը կրելուց հետո նա կարող է պայմանական ազատ արձակվել, իսկ 10 դատապարտյալ այդ շեմն անցել է, սակայն որեւէ մեկի նկատմամբ պայմանական ազատում չի կիրառվել»,- պարզաբանեց Զոհրաբյանը: Պատգամավորը հավելեց նաեւ, որ ինքը լսել է բոլոր դժգոհությունները ու տեղեկացրել, որ իր ղեկավարած խմբակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի օրենքով սահմանված կարգով նրանց խնդիրներին լուծում տան: «Ստանձնել եմ պարտավորություն գարնանային նստաշրջանի մեկնարկի սկզբում անպայմանորեն հետամուտ լինել հարցի լուծմանը»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ցմահ դատապարտվածները մտադիր են հացադուլը դադարեցնել:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս