ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը 2013թ. փետրվարի 25-ին որոշում է ընդունել լուծել   «ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Անետա Սարգսյանի հետ 2011թ. դեկտեմբերի 28-ին կնքած աշխատանքային պայմանագիրը եւ այդ դպրոցի գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել դպրոցի փոխտնօրեն Անուշ Օհանյանի վրա: Նշենք, որ Անետա Սարգսյանը, երկար տարիներ ղեկավարելով Ոսկեվանի դպրոցը, արդեն գտնվում է կենսաթոշակային տարիքում:  Ոսկեվանի դպրոցի կառավարման խորհուրդը մրցույթ էր հայտարարել կրթօջախի տնօրենի թափուր տեղի համար, որը կայացավ ապրիլի 25-ին: Տնօրենի թափուր տեղին հավակնում էին երկու թեկնածու` դպրոցի աշխարհագրության նախկին ուսուցիչ Գարիկ Մամյանը եւ այդ դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Գոհար Տիրացվյանը: Քվեարկության արդյունքում Գոհար Տիրացվյանը ստացավ 4, իսկ Գարիկ Մամյանը` 3 ձայն: Նշենք, որ դպրոցի կառավարման խորհրդի 8-րդ անդամը` Ոսկեվանի դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Անահիտ Պապինյանը, չի մասնակցել քվեարկությանը: «Ժողովուրդ»-ի թղթակցի տվյալներով` տիկին Պապինյանի վրա  ճնշումներ են եղել, որպեսզի նա չմասնակցի, քանի որ պատրաստվում էր իր ձայնը տալ   երկար տարիների իր գործընկեր Գոհար Տիրացվյանին: Անահիտ Պապինյանը  գրավոր հայտնել է, թե առողջական խնդիրներ ունի, եւ չի մասնակցել քվեարկությանը: Մեր տեղեկություններով` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ամեն կերպ ցանկանում է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, երիտասարդ ՀՀԿ-ական Գարիկ Մամյանին Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրեն դարձնել: Նշենք, որ մի քանի տարի առաջ Ա. Ղուլարյանը Նոյեմբերյանում մասնակցել է Գարիկ Մամյանի հարսանիքին: Ադրբեջանի հետ սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչները վատ են ընդունում, որ մարզպետը  պարտադրանքով դպրոցի տնօրենի հարց է ուզում լուծել: Առավել եւս, որ Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանն արդեն կուսակցականացրել է  մարզի գրեթե բոլոր դպրոցները:




Լրահոս