Բարի ավանդույթի համաձայն` Երևանի քաղաքապետարանի կողմից Ամանորին ընդառաջ անցկացվում է «Մի կտոր ջերմություն» խորագրով սոցիալական նշանակության ակցիան: Այս տարի ևս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների աշխատակցուհիները միաժանակ այցելել են Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներ, ինչպես նաև անօթևանների ժամանակավոր կացարան և հյուրասիրել իրենց ձեռքերով պատրաստած թխվածքները:
«Արդեն երկրորդ տարին անընդմեջ այս մտահղացումը բոլորիս համախմբում է մեկ հիմնական նպատակի շուրջ՝ մեր հոգու ջերմությունն ու բարությունը փոխանցել մեր այն համաքաղաքացիներին, ովքեր տարբեր պատճառներով Ամանորը դիմավորելու են հարազատներից ու ընտանիքից հեռու՝ տուն-ինտերնատներում և ժամանակավոր կացարանում: Սա նախաձեռնություն է, որին պատրաստվել ենք մեծ սիրով, նաև վստահ լինելով, որ այս մեկ օրը ջերմությամբ ու քաղցրությամբ կլցնի նրանց սրտերը, ովքեր հատկապես նախատոնական այս օրերին ընտանեկան ջերմ ու բարի վերաբերմունքի կարիք ունեն»,-նշել է նախաձեռնության մասնակից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:
Ի դեպ, նախաձեռնությանը միացել են նաև վարչական շրջանների աշխատակազմերն ու իրենց հերթին այցելել վարչական շրջանում գտնվող սոցիալական նշանակության հաստատություններ: