ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԴՈՒՍՏՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի վերջին փորձը շատ լարված մթնոլորտում է անցել:
Նվագախումբը պատրաստվել է ապրիլի 30-ի համերգին, որի ընթացքում պետք է հնչեին մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Կանտատ հայրենիքի մասին», «Ասք հայ ժողովրդի մասին» եւ «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունները: Ըստ լրատվամիջոցի՝ փորձին ներկա է գտնվել կոմպոզիտորի դուստրը` Նարինե Ալեքսանդրովնան, ում չի  գոհացրել ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների ներկայացումը: Ինչպես լրատվամիջոցին տեղեկացրել են նվագախմբի երաժիշտները, կոմպոզիտորի դուստրը մեղադրել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին ու երաժիշտներին` ոչ պրոֆեսիոնալ կատարման համար: Երաժիշտները նաեւ հավելել են, որ տիկին Նարինեին մի կերպ են կարողացել դուրս բերել փորձասենյակից, վերջինս, սակայն, իր դժգոհությունը շարունակել է դրսում արտահայտել: «Ժողովուրդ»-ը ցանկացավ Էդուարդ Թոփչյանից վերոնշյալ փորձի վերաբերյալ  որոշ մանրամասներ ճշտել, սակայն մեզ չհաջողվեց նրա հետ զրուցել: Այնուամենայնիվ, նվագախմբի խոհանոցին քաջածանոթ մեր աղբյուրից տեղեկացանք, որ, վերջիվերջո, ամեն ինչ կարգավորվել է, համերգը շատ լավ է անցել, եւ կոմպոզիտորի դժգոհ դուստրն էլ գոհ է մնացել: Ամեն դեպքում, առաջիկայում «Ժողովուրդ»-ը կփորձի ներկայացնել նաեւ կոմպոզիտորի դստեր` Նարինե Ալեքսանդրովնայի պարզաբանումը:  

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս