Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի երկար սպասված հանդիպումը, որը, սակայն ոչ թե պատասխան տվեց բոլոր հարցերին, այլ նորանոր հարցեր առաջացրեց:
Այն, որ այդ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակ է փոխվել, ակնհայտ է: Նախագահների հանդիպումից հետո երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպումներ և այցեր են ունենում, որոնք, բնականաբար, կապված են հենց հակամարտության հետ:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարելի է ողջունել միայն այն դեպքում, եթե դա բերի սահմանին հրադադարի խախտման էական նվազումների, որի հետևանքով զոհեր չենք ունենա ոչ զինվորների, ոչ էլ խաղաղ բնակիչների շրջանում: Սակայն իրականում նման բան տեղի չունեցավ և հենց հանդիպման մյուս օրն էլ սահմանին Ադրբեջանը շարունակել էր խախտել հրադադարը և ծանր տեխնիկա և տանկ կիրառել: Ասել է թե նախագահների հանդիպումն անարդյունավետ էր, որի մասին բարձրաձայնեց նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցով նախկին օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան: «Դրական արդյունքն այն է, որ երկու պետությունների ղեկավարները հանդիպեցին, սակայն էական արդյունքների հասնելու համար նրանց անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահող երկրների օգնությունը»,-ասել է Բրայզան:
Հստակ չենք կարող ասել, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն այն, որ տարբեր հանդիպումների ընթացքում այդ հարցն են քննարկում և այն, որ այդ թեմայով բազմաթիվ հեղինակավոր կառույցների կողմից հաղորդագրություններ են լինում, դա փաստ է:
Հանդիպումից հետո` դեկտեմբերի 21-ին, Մոսկվայում տեղի ոնեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը բավական հետաքրքիր զարգացում է ունեցել: Այն անցել է ՀՀ նախագահությամբ և ընթացքում եղել է Սերժ Սարգսյանի բավական կոշտ ելույթը, որը կարող ենք ընկալել նաև որպես մեղադրանք ՀԱՊԿ-ին: Նախագահների հանդիպումից երկու օր անց նման ելույթի ու մեղադրանքի շատերը չէին սպասում:
Հատկանշական է նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, ով ընդգծել էր, որ Հայաստանը ցանկանում է պահել հրադադարն ու ստատուս քվոն: Այս հայտարարությամբ էլ Մամեդյարովը կարծես թե անուղղակի մեղադրել է ԱՄՆ-ին, որը հանդիսանում է հետաքննության մեխանիզմի առաջարկի գեներատորը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Բեռնում ներկայացվածը չի կարող բխել Ադրբեջանի շահերից, որն էլ իր հերթին նշանակում է, որ հանդիպման ժամանակ մոտեցումները տարբեր են եղել:
Այս ամենին զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այս հանդիպումն էլ չի կարող զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայի արծարծումից:
Իսկ երեկ էլ` դեկտեմբերի 22-ին, կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Ղահրամանի հանդիպումը: Կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով: Հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, սակայն տարբեր աղբյուրներ նշում են, որ քննարկվել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության հարցը:
Այս ամենին զուգահեռ էլ երեկ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հրադադար, ըստ էության գոյություն չունի և սահմանին պատերազմ է ընթանում:
Նաիրա Հովհաննիսյան