Այսօր Հայաստանի բնության պետական թանգարանում հրավիրված տարեվերջյան ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց բնապահպանության ոլորտում առկա խնդիրներն ու առավելությունները: Սակայն մինչև ասուլիսի սկսվելը, նախարարը շրջեց թանգարանի տաղավարներով, զրուցեց աշխատակիցների հետ:
Այնուհետև Գրիգորյանը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակը այսօրվա դրությամբ կազմել է 1900.21մ, այսինքն նախորդ տարվա նույն օրվա դրությամբ բարձրացել է 7 սմ-ով:
Անդրադառնալով Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքներին՝ նախարարն ասաց, որ կարճ ժամանակաշրջանում այն ավարտին կհասնի, որից հետո ավելի շատ ջուր հնարավոր կլինի տեղափոխել Սևանա լիճ:
Խոսելով ձկնային պաշարների մասին, Գրիգորյանը հայտնեց, որ 2015 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել մոտավորապես 606 հազար մանրաձուկ և արձանագրվել է ջրի որակի բարելավում և ձկնապաշարի՝ մասնավորապես սիգի ավելացում:
Բնապահպանության նախարարը նաև տեղեկացրեց, որ որսագողություն է կատարվում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Վերջինս փոխանցեց, որ փողոցներում և շուկաներում վաճառվում է սիգ տեսակի ձուկ, որի որսն արգելված է: «Եթե մենք կարողանանք երկու տարով փակել Սևանա լիճը, որպեսզի որսագողությունը դադարի, մենք կարող ենք խոսել արդյունագործական որսի մասին, հատկապես սիգի արդյունագործական որսի մասին»,-ասաց նախարարը` նշելով, որ իրենք այդքան ռեսուրսներ չունեն, որպեսզի ամբողջովին կարողանան այս խնդրի դեմ պայքարել: