
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ զբաղեցրած պաշտոնից ազատվելու և ընդհանրապես ոստիկանական համակարգից հեռանալու դիմում է ներկայացրել ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա փոխարեն Վովա Գասպարյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը: Պատճառների մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, բայց “ՀԺ”-ի ունեցած տեղեկություններով, Հ. Քոչարյանը արդեն տևական ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանի հետ: Վերջին օրերին այդ հակասությունները հասել են գագաթնակետին: Ինչպես կդասավորվի Հ. Քոչարյանի հետագա կարիերան, առայժմ դժվար է ասել: Թերթը նկատում է, սակայն, որ մեր հիշողություններում նա կմնա առնվազն նրանով, որ չնայած արտագաղթի զարհուրելի տեմպերին, ընտրությունից ընտրություն հայտնում էր` ընտրողների թվի էական աճերի մասին: