«Բլոտ», խոզերի կերակուր, ծեծ. զինծառայողի ինքնասպանության դաժան մանրամասները. ում է նա զանգահարել մահից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան հանգամանքների մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ հիշեցնենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 28-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ։ Պարզվել է, որ Գ. Խաչատրյանը գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը:

Նախաքննության ընթացքում զորամասի զինծառայողներ` կապիտան Մ.Ս.Ոսկանյանը, ավագ լեյտենանտ Հ. Ա. Վարդևանյանը, շարքայիններ Հ. Ա. Մուրադյանը և Ա. Հ. Սարգսյանը ձերբակալվել են: Ապա Ա.Ոսկանյանի և Հ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ.Վարդևանյանի և Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չեն բավարարվել:

Եվ ահա, ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, զինծառայողի տրամադրության անկման պատճառները։

Դեպքի նախորդ օրը զորամասի սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գ. Խաչատրյանը, շարքային Հ. Մուրադյանի, ուղեկալի ավագ, ենթասպա Հ. Քալաշյանի և ուղեկալի պետ, կապիտան Մ.Ոսկանյանի հետ մասնակցել են վերջինիս կազմակերպած «Բլոտ» մոլեխաղին։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ հաղթելու դեպքում շարքային զինծառայողները մեկ օրով պետք է ազատվեին ծառայողական պարտականությունների կատարումից, իսկ պարտվելու դեպքում յուրաքանչյուրը 7 օր ճաշարանից կերակրի ավելցուկը դույլերով պետք է տեղափոխեր ուղեկալի տեղակայման վայրից մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող անասնագոմ՝ Մ.Ոսկանյանին և Հ.Քալաշյանին պատկանող խոզերին կերակրելու նպատակով։ Քննությամբ պարզվել է, որ շարքայինները պարտվել են և սկսել կատարել պայմանը:

Հաջորդ օրը՝ 2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, ուղեկալի տարածքում շարքային Հ.Մուրադյանը բռնի գործողություններ է կատարել Գ. Խաչատրյանի նկատմամբ, անհիմն կշտամբել և հեգնել, վիրավորել, ձեռքերով և ոտքով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ այսօրինակ վիրավորանքներից հետո Գ.Խաչատրյանը գնացել է լվացվելու, ստացել իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգն ու 50 հատ 5,45մմ տրամաչափի փամփուշտ՝ երկու փամփշտատուփերում։ Համապատասխան հրահանգավորումը ստանալուց հետո և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Անտոնյանի հետ Գ.Խաչատրյանն ուղևորվել է սահմանի վերակարգի ծառայություն կրելու կատարման վայր, որտեղ կատարել է մի քանի հեռախոսազանգ, ապա բջջային հեռախոսը փոխանցել Ա.Անտոնյանին, բնական կարիքները հոգալու պատրվակով շուրջ 50 մետր հեռացել է նրանից և ժամը 22:40-ի սահմաններում ինքնաձիգից մենահատ կրակոց կատարելու եղանակով կատարել ինքնասպանություն:

Քրեական գործով կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, որոնց արդյունքում, ձեռք բերված ապացույցների համակցությամբ, 4 անձի մեղադրանք է առաջադրվել։

Կապիտան Մ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանյտ Հ.Վարդևանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), շարքայիններ Հ.Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի առաջին մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում (2 դրվագ), 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:




Լրահոս