ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 29-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը օլիգարխ Խաչիկ Խաչատրյանի կողմից լրագրողին հասցեագրված փողոցային արտահայտությունը` “պրաստիտուտկա”, վիրավորանք չհամարեց եւ չպարտադրեց նրան ներողություն խնդրել:  Այս խնդրի շուրջ զրուցեցինք ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ:
-Պարո՛ն Բարսեղյան, ինչպե՞ս եք վերաբերում դատարանի այս որոշմանը:
-Կարո՞ղ է լինել մեկը, որն այլ կարծիք ունենա: Եթե գործը քննող դատավորն ուղիղ ասված “պրաստիտուտկա” բառը վիրավորանք չի համարում, իհարկե դատավոր չէ: Այսինքն, երբ բոլորս իրեն դատարանական ,պրաստիտուտկաե ասենք, իր գործընկերներն իր ստեղծած նախադեպով չեն կարողանալու այդ արտահայտությունը որպես վիրավորանք գնահատել:
-Չե՞ք կարծում, որ միասնաբար հնարավոր էր արդյունքի հասնել: 
-Ես իմ ընկերներից՝ Սաքունցից, Միքայել Դանիելյանից եւ մի քանի այլ իրավապաշտպաններից, մի քանի անգամ լսել եմ, որ եթե ես կամ այլ մարդիկ լինեն այս կամ այն դատական գործին ներկա, դատարաններն այլ վարք կդրսեւորեն, կսկսեն արդարադատություն իրականացնել: Ասեմ, որ ինքս դատարաններում 50-ից ավելի գործերով հայցվոր եմ եղել, մեկ անգամ պատասխանող: Ամեն անգամ համոզված եմ եղել, որ ես ճիշտ եմ, ու ճշմարտությունն այնքան ակնհայտ է, որ ձեւ չկա՝ դատավորն այլ վճիռ կայացնի, ու ամեն անգամ ապշել եմ, թե ինչպես ակնհայտ ճշմարտության դեմ մեղանչելով՝ դատարանն անարդար վճիռ է կայացրել: Պետությունը զավթված է իր բոլոր ճյուղերով եւ դատարաններով: Ինչքան միամիտ է հարկավոր լինել՝ հավատալու, թե իմ եւ 100 այլ հասարակական գործիչների հոդվածներից կամ հրապարակային խոսքից որեւէ օլիգարխ կարող է ազդվել, կամ դատավորը կարող է կարմրել ու արդար վճիռ կայացնել: Նման բաներ հեքիաթներում են լինում: Գուցե սխալվում եմ, բայց իմ տարիքում պարտավոր եմ դասեր քաղած լինել. ինչ-որ եղանակով կջարդենք պետության զավթման համակարգը, կունենանք արդարադատություն, ու ոչ մի օլիգարխիկ չի համարձակվի անպատվել կամ հաչել լրագրողի վրա: Չենք ջարդի, ուրեմն լրագրողական պատշաճ վենդետա պիտի իրականացնել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 534 համար




Լրահոս