ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 16-ին հանրապետությունում կրակոցի հերթական դեպքն է գրանցվել: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ այս անգամ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում: Մարզի Արագածավան համայնքում, նախնական տեղեկություններով, երկու տղամարդու վիճաբանությունն ավարտվել է կրակոցով:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, համայնքի բնակիչ Աշոտ Կարապետյանը, ով ոտքի հատվածում ստացած վիրավորումով բժշկական կենտրոն է տեղափոխվել, հայտարարել է, թե վնասվածքները ստացել է էլեկտրական լարի վրա ընկնելու հետևանքով: Իսկ ահա ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրականում նա հրազենային վիրավորում է ստացել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Կարապետյանի ուղղությամբ որսորդական հրացանով կրակոց է արձակել ոմն Մուրադ:
Կրակոցի մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Այլ մանրամասներ հայտնի չդարձան: