Հայաստանը կունենա ռազմական կրթության ոլորտում բարձրագույն կրթության երկրորդ աստիճան՝ մագիստրատուրա, և հետբուհական կրթություն՝ ասպիրանտուրա և դոկտորանտուրա իրականացնող նոր համալսարան:
Նորաբաց համալսարանը, որը կոչվելու է «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան», գործելու է ՀՀ ՊՆ ենթակայության տակ:
Նշենք, որ համալսարանի հիմնադրման մասին հարցը ներառված է կառավարության վաղվա` դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
Սահմանվում է, որ համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը նախագահից և 19 անդամներից բաղկացած խորհուրդն է: Խորհրդի նախագահը ի պաշտոնե պաշտպանության նախարարն է, խորհրդի կազմում ներգրավված են նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության, արդարադատության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, Հայաստանի Հանրապետության նախարարի տեղակալները: Խորհրդի ևս 7 անդամների նշանակում է պաշտպանության նախարարը` համալսարանի պետի ներկայացմամբ: Հանձնարարվել է, որ մեկամսյա ժամկետում պաշտպանության նախարարը հաստատման ներկայացնի համալսարանի կանոնադրությունը, կառուցվածքը, անձնակազմի թվաքանակը և հանձնվող գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը:
Նույն օրվա մեկ այլ որոշմաբ՝ ստեղծվում է նաև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրամը, որը, ըստ որոշման նախագծի, անդամություն չունեցող, կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, շահույթ uտանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է: Հիմնադրամի հիմնական առաքելությունը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գործունեությանն աջակցելն է՝ ժամանակակից ռազմագիտակրթական ոլորտում: Ի թիվս մի շարք այլ առաջնահերթությունների՝ այն նպատակ ունի խորացնել կադրերի գիտելիքները, գիտաժողովների և սեմինարների կազմակերպել, ինչպես նաև նպաստել Հայաստանում կիբեռանվտանգության միջավայրի զարգացմանը: