«Փեթակ»-ի և «Սուրմալու»-ի առևտրականները կտեղափոխվե՞ն «Առինջ մոլ» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, որ «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների վաճառողները դժգոհում են տաղավարների վարձավճարների չափերից: Ըստ նույն տեղեկությունների՝ առևտրականները պատրաստվում են լքել իրենց ներկայիս աշխատավայրն ու տեղ գտնել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ում, որտեղ որոշ ժամանակ տաղավարներն անվճար են տրվելու: Ինչպես հայտնի է, Աբովյան քաղաքի հարևանությամբ կառուցված «Առինջ մոլ»-ը շարունակում է ընդլայնվել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ընդլայնման նպատակը Երևանի «Փեթակ» և «Սուրմալու» կոչվող տոնավաճառների, ինչպես նաև` Գնունիի շուկայի աշխատակիցներին «Առինջ մոլ» տեղափոխելն է:

Այս տեղեկությունների հետքերով` ArmLur.am-ը եղավ «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում:

«Սուրմալու»-ում, սակայն, միանգամայն այլ պատկեր էր: Կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանն ասաց, թե տարածված լուրերը պարզապես սուտ ասեկոսեներ են: Կենտրոնը բնականոն աշխատում է, ավելին, հունվարին ամենայն հավանականությամբ, նոր տաղավարներ կավելացվեն:

Այդուհանդերձ, հարկ ենք համարում նկատել՝ որոշ առևտրականներ պնդում են, որ վարձավճարների բարձր սակագները ստիպում են լքել իրենց տարածքները, որտեղ եղել են տարիներ շարունակ: Ի դեպ, տաղավարների համար հատկացվող սակագները որոշում է կենտրոնի սեփականատերը, իսկ թե ով է նա, հայտնի է արդյոք հանրությանը, մեր զրուցակիցը կտրականապես հրաժարվեց հայտնել:

Տնօրենը վստահեցնում է՝ համեմատած մյուս ամիսների հետ՝ գնորդների շարժն ավելացել է, բայց, իհարկե, առաջվանը չէ:

ArmLur.am-ը զրուցեց նաև առևտրականների հետ: Նրանց մեծ մասը գոհ է: Տարիներ շարունակ «Սուրմալու»-ում են աշխատել, և չեն պատրաստվում լքել իրենց տարածքները: «Առինջ մոլն» էլ իրենց համար մրցակից չէ, պարզապես նորություն է, իսկ մարդիկ սիրում են նորություններ:

Մեր զրուցակից գնորդները ևս հավատարիմ են իրենց առևտրի կենտրոնին: Սակայն սա չի նշանակում, որ նորաբաց առինջ մոլ չեն հաճախի:

Ցավոք, «Փեթակ» առևտրի կենտրոնում նկարահանումներ իրականացնել չհաջողվեց. տնօրինությունը թույլ չտվեց: Այնպիսի տպավորություն էր՝ ասես «Փեթակը» ռազմական նշանակության օբյեկտ է:

Սյունէ Համբարձումյան, Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս