«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տարվա հոկտեմբերի 12-ին «Բալենո սասթենիբլ գլոբալ դեվելոփմենթ» ընկերության հետ կնքած պայմանագրով 2 հազար 300 հատ անհետացող թանաքի սրվակ եւ դրոշմակնքման բարձիկ է գնել: Մեկ սրվակի եւ բարձիկի համար ԿԸՀ-ն վճարել է ընդհանուր 8 հազար 550 դրամ: Ընդհանուր հաշվով ԿԸՀ-ն վերը նշված ընկերությանը վճարել է 19 մլն 214 հազար դրամ: Հիշեցնենք, որ նշված թանաքները օգտագործվում են քվեարկության ժամանակ ընտրողի անձնագրում անհետացող կնիք դնելու նպատակով: Ուստի բնական հարց է ծագում՝ եթե Հայաստանի ընտրական տեղամասերի թիվը ընդամենը 1997 է, ինչո՞ւ է ԿԸՀ-ն տեղամասերի թվից 300-ով ավել թանաք եւ բարձիկ գնել: Կարող էին ընդամենը մի քանի ավել թանաք ու բարձիկ գնել ֆորսմաժորային իրավիճակների համար:
Իհարկե, ԿԸՀ-ի ցանկացած քայլի, այդ թվում եւ չափից շատ թանակ գնելու տակ կարելի է ընտրակեղծիքներ իրականացնելուն միտված գործողություն փնտրել, սակայն այս դեպքում կարծես թե առավել ցայտուն երեւում է, որ պետական միջոցների վատնման փաստի հետ գործ ունենք: Ինչո՞ւ, բացատրենք. գնված սրվակները մեկանգամյա օգտագործման համար չեն, եւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ դրանց եթե կեսն էլ սպառվեր, ապա մնացած հազար հատը բավարար էր` եկող տարվա ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար: Հավանաբար ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ նրա հանձնաժողովականներն ուղղակի մոռացել են, որ այդ գումարները, որոնք իրենք ծախսում են, իրենց տանից չեն բերել կամ էլ անձնական բանկային հաշվից չեն փոխանցում: Այդ գումարները հարկատուների միջոցներն են, որոնց ամեն մի լուման ծախսելու համար իրենք պետք է հաշվետու լինեն հասարակությանը:
Ի դեպ, «Բալենո սասթենիբլ գլոբալ դեվելոփմենթ»-ը պաշտոնական փաստաթղթերում ներկայացված է իբրեւ բրիտանական ընկերություն, սակայն տնօրենի ազգանունը` Ի. Մերդինյան, հուշում է, որ իրականում մենք հայկական մի ընկերության հետ գործ ունենք, որը պարզապես դրսում է գրանցված»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: