Մերկելը Պուտինի մասին տեղեկություններ է փոխանցել բրիտանական հատուկ ծառայություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոն կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ և բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարներին փոխանցել տեղեկություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի մասին. գրում է բրիտանական Times պարբերականը:

Ինչպես նշում է պարբերականը, Մերկելի և բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումն անց է կացվել Քեմերոնի ներկայությամբ: Բրիտանական հատուկ ծառայություններից ներկա են գտնվել հակահետախուզական ՄԻ-5 ծառայության ղեկավար Էնդրյու Պարկերը, ՄԻ6 արտաքին հետախուզության ղեկավար Ալեքս Յանգերն ու կառավարական կապի կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հանիգանը:

Բրիտանացիները Մերկելին տվյալներ են փոխանցել սպառնալիքի մասին, որն իրենց ներկայացնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

«Իր հերթին` Գերմանիայի կանցլերը տեղեկություններ է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայում անկայունության և Ղրիմի շուրջ իրավիճակի մասին»,-գրում է Times-ը:

Պարբերականի տվյալների համաձայն՝ երկու երկրների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է պարբերաբար: Սակայն նման հանդիպումները, որոնց ընթացքում բրիտանական հատուկ ծառայությունները ուղղակիորեն տեղեկություն են փոխանցում Գերմանիայի կանցլերին և տվյալներ ստանում վերջինիս կողմից, բավականին հազվադեպ են լինում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս