Ադրբեջանի խորհրդարանում ԱՄՆ-ի հետ բոլոր հարաբերությունների կասեցումը ենթադրող օրինագիծ է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Միլի Մեջլիսում «ԱՄՆ-ում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին» օրինագիծ է ներկայացվել. փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Գործակալությունը փոխանցում է, որ օրինագծի հեղինակը իրավական քաղաքականության և պետական շինարարության հանձնաժողովի ղեկավարի տեղակալ, «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի» հասարակական միավորման վարչության անդամ Ռովշան Ռզաևը:

Օրինագծում նշվում է` ԱՄՆ-ն, որը մշտապես զեկույցներ է պատրաստում` կապված աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի հետ, ցանկացած միջոցներով խուսափում է մարդու իրավունքների հարցով հիմնական միջազգային համաձայնագրերին միանալուց: «Մինչ օրս ԱՄՆ-ն վավերացրել է մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի 14 հիմնական փաստաթղթերից միայն 4-ը: Ներկայում ԱՄՆ-ն 2 պետությունների թվում է (ԱՄՆ և Սոմալի), որոնք չեն միացել «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիային»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Օրինագծում ասվում է նաև, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում զգալիորեն ուժգնացել է ռասսայական և կրոնական խտրականությունը, քսենաֆոբիայի և իսլամաֆոբիայի դրսևորումը:

Օրերս ադրբեջանական կայքերը հայտարարեցին, որ ԱՄՆ-ն «սառը պատերազմ» է հայտարարում Ադրբեջանին: Ինչպես հաղորդվում էր՝ ԱՄՆ Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից պատրաստած օրինագիծը մարտահրավեր է՝ ուղղված Ադրբեջանի դեմ: Այն կոչված է անհապաղ դադարեցնել ադրբեջանական կառավարության հետ տնտեսական բոլոր հարաբերությունները, ներառյալ՝ էներգետիկ ոլորտում համագործակցությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս