ԿԱՍԿԱԾԱՀԱՐՈՒՅՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք դեռ երեկվա մեր համարում, Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Հատուկ քննչական  ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը: Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանից հետո սա իրավապահ համակարգի հերթական  բարձրաստիճան պաշտոնյայի  անսպասելի ազատումն է, որի մասին նրանք մինչեւ վերջին վայրկյանը տեղյակ չէին: Իհարկե, որեւէ մեկը չի մտածում, որ Ներսիկ Նազարյանը կամ Անդրանիկ Միրզոյանը անբասիր էին, եւ նրանց երկարամյա գործունեության ընթացքում չկային առնվազն մի քանի կասկածահարույց դրվագներ, որոնց համար նրանց արժեր ազատել զբաղեցրած պաշտոններից: Ներսիկ Նազարյանի ու նրա` «բիզնեսի հետ սերտաճածության»  մասին արդեն շատ է խոսվել, իսկ ահա Անդրանիկ Միրզոյանի դեպքում առկա էր նաեւ այլ` շատ ավելի լուրջ քաղաքական նշանակության գործոն. «Մարտի 1-ի» գործը:  Եվ Միրզոյանի անակնկալ պաշտոնանկությունից  ծայր առած խոսակցությունների մեջ, բնականաբար, այդ  թեման չի կարող շրջանցվել: Սակայն թե որն է ՀՔԾ-ի ղեկավարի պաշտոնանկության իրական պատճառը, դժվար թե  հայտնի դառնա հանրային լայն շրջանակներին, եւ հենց դա է ամենամտահոգիչն ու ամենաանընդունելին այս իշխանությունների գործելաոճում: Եթե վերը նշված պաշտոնյաներն իրապես թերացել են իրենց պաշտոնական գործառույթների իրականացման մեջ, ուրեմն հասարակությունն իրավունք ունի տեղեկացված լինել այդ մասին: Ի վերջո, խոսքն այնպիսի գերատեսչությունների մասին է, որոնց ղեկավարների ամենափոքր թերացումն անգամ կարող էր ճակատագրական լինել ՀՀ քաղաքացիների համար: Հետեւաբար` անընդհատ թափանցիկությունից եւ պատասխանատվությունից  խոսող իշխանությունները պարզապես պարտավոր էին հանրությանը ներկայացնել այդ պաշտոնյաների ազատման իրական դրդապատճառները:  Սակայն քանի որ նրանք դա չեն անում, առաջ է գալիս ենթադրություն, որ  այդ պաշտոնյաների թերացումները կապված են եղել ոչ թե նրանց մասնագիտական գործունեության հետ (քանի որ այդ դեպքում իշխանությունները բաց չէին թողնի  համակարգը առողջացնելու ծրագրից հնարավորինս մեծ քարոզչական դիվիդենտներ քաղելու հնարավորությունը), այլ այնպիսի կրիմինալ պատմությունների հետ, որոնցում ներգրավված են  հենց իրենք` իշխանության ամենաբարձր օղակներն ու նրանց բարեհաճությունը վայելող գործարարները: Ի վերջո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս երկրում կոռումպացված, օրինախախտ պաշտոնյաները աշխատում են այնքան ժամանակ, քանի դեռ  կանոնավոր կերպով մուծվում են վերեւներին եւ կատարում են նրանց անխտիր բոլոր` անգամ հանցագործության մղող հրահանգները: Իսկ նրանք, ովքեր համարձակվում են խախտել այդ երկու պայմաններից մեկը, հայտնվում են Մարգար Օհանյանի, Ներսիկ Նազարյանի եւ արդեն նաեւ` Անդրանիկ Միրզոյանի կարգավիճակում:  Եվ ըստ ամենայնի` առաջիկայում այդ ցուցակը կհամալրեն նոր անուններ:




Լրահոս