«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԿՎԵՐԱՆԱՅԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր ինչ-որ օրենքի ընդունման համար քվեարկելուց առաջ պետք է գիտակցի, թե ինչի համար է քվեարկում:
-Պարո՛ն Նահապետյան, «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որին Դուք անձամբ կողմ եք քվեարկել, լուրջ խնդիրներ է առաջացրել մանր ու միջին բիզնես ունեցողների համար: Դուք ի սկզբանե տեղյա՞կ եք եղել, որ դա կարող հանգեցնել այդ բիզնեսների փակմանը:
-Ընդհանուր առմամբ, ինձ հասկանալի են մտահոգությունները, բնականաբար, երբ կառավարության կողմից ներկայացվեց համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը, այն ժամանակ որոշակի կանխատեսումներ եւ հաշվարկներ արվել են, ինչպես եւ ցանկացած նախաձեռնության պարագայում: Խնդիրն այսօր քննարկվում է, քննարկվում է նաեւ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովում, քննարկվում է նաեւ խմբակցությունում: Հավանաբար մոտ ժամանակահատվածում հնարավոր են կոնկրետ լուծումներ այդ ուղղությամբ, որպեսզի չունենանք այնպիսի վտանգ, որի մասին նշում եք: Բնական է, որ եթե կան օրենսդրական կարգավորումների առումով խնդիրներ, ապա պետք է անպայման արձագանքենք դրան: Քննարկման արդյունքներն էլ ցույց կտան, թե ինչ լուծումներ են պետք, որպեսզի բիզնեսի զարգացման հարցում խնդիրներ չառաջանան:
-Իսկ ինչո՞ւ մինչեւ օրենքի ընդունվելն այդ օրինագիծը չեք քննարկել, որպեսզի հասկանայիք, թե այն ինչ հետեւանքներ էր ունենալու դա հասարակական կյանքի վրա:
-Այն, ինչի մասին Դուք նշում եք, դրա համար պետք են լուրջ քննարկումներ, վերլուծություններ ու գնահատումներ՝ իրավիճակին լուրջ գնահատականներ տալու համար: Ես կարծում եմ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը կունենա պատշաճ քննարկումներ: Իսկ ինչ վերաբերում է օրենքի ընդունման ժամանակ առկա իրավիճակին, ապա այն ժամանակ, համենայնդեպս, նման լրջագույն մտահոգություններ չեն հնչել:
-Իսկ տեղյա՞կ եք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել այդ օրենքին, անգամ տեղյակ չեն եղել, թե ինչի համար են «կոճակ» սեղմել. նրանց հետ հարցազրույցները «Ժողովուրդ»-ը հրապարակել է:
-Չեմ կարծում, որ Ձեր հարցադրումը ճիշտ է, որովհետեւ յուրաքանչյուր պատգամավոր քվեարկելիս պետք է գիտակցի, որ ինքը կայացնում է համապատասխան որոշում: Ի՞նչ է նշանակում՝ չգիտի, թե ինչ օրենքի համար է քվեարկել:
-Այո՛, պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Հակոբ Հակոբյանը, Ալիկ Պետրոսյանը տեղյակ չէին, որ իրենք նման օրենքի համար կողմ են քվեարկել:
-Ես ինչպե՞ս կարող եմ իրենց փոխարեն պատասխանել, չգիտեմ՝ իրենք ասե՞լ են այն, ինչը ներկայացնում եք: Չեմ ուզում կասկածի տակ դնել Ձեր ասածը, բայց միաժամանակ չեմ կարող իմ գործընկերների փոխարեն արձագանքել ու ասել՝ իրականում նրանք տեղյակ են եղել, թե չէ: Եթե քվեարկել են, ուրեմն տեղյակ են եղել: Մոտեցումը պարզ է, որ եթե պատգամավորը քվեարկում է, պետք է իմանա, թե ինչ փաստաթղթի համար է քվեարկում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս