Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատարել է իր խոստումը եւ հրապարակել մայիսի 2-ի ԱԺ նիստից բացակայող պատգամավորների ցուցակը: ԱԺ քարտուղարությունը նիստի մեկնարկից, ընդմիջումներից առաջ եւ հետո 9 անգամ ներկա-բացակա է արել եւ պատգամավորների անունները հրապարակել ԱԺ կայքում: Պարզվել է` ԱԺ նիստից ամենաշատը բացակայել են ԲՀԿ խմբակցության անդամները:
Հիշեցնենք, որ նախօրեին Հովիկ Աբրահամյանը նկատողություն էր արել ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին: Իսկ երեկվա արդյունքներով պարզվել է, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդհանրապես ներկա չի եղել նիստին, 7-ական բացակա են ստացել՝ Վահան Հովհաննիսյանը, Աղվան Վարդանյանը, Արմեն Բաբայանը, 3 բացակա էլ ստացել է Արծվիկ Մինասյանը: ՕԵԿ խմբակցության բոլոր անդամները մայիսի 2-ի նիստից 7 անգամ բացակայել են, բացի Մհեր Շահգելդյանից, վերջինս 6 անգամ է բացակայել: ՀԱԿ խմբակցությունից միայն Նիկոլ Փաշինյանը մեկ բացակա ունի, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը ստացել են 7, Ստեփան Դեմիրճյանն ու Գագիկ Ջհանգիրյանն էլ` 4 բացակա:
Անկախ պատգամավորներից Արայիկ Գրիգորյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ստացել են 7-ական բացակա, իսկ Էդմոն Մարուքյանը՝ մեկ բացակա: «Ժառանգություն» խմբակցությունից 9 բացակա է ստացել Զարուհի Փոստանջյանը, իսկ Ալեքսանդր Արզումանյանը ստացել է 9 ներկա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցությանը, ապա 9 բացակա են ստացել՝ Լյովա Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուստամ Գասպարյանը, Աբրահամ Մանուկյանը: Խմբակցության պատգամավորներից Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Մուշեղ Պետոյանը, Մխիթար Արշակյանը, Մերուժան Սիմոնյանը, Արագած Ախոյանը, Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արմեն Ավետիսյանը, Արայիկ Աղաբաբյանը ստացել են 8 բացակա:
Իսկ ՀՀԿ խմբակցությունից բացակայել են՝ Արտակ Սարգսյանը, Սպարտակ Մելիքյանը, Ռուբեն Սադոյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Հակոբ Հակոբյանը, Կարեն Կարապետյանը, Առաքել Մովսիսյանը, Մարինե Մարաբյանը: 8 բացակա ստացել են՝ Արթուր Ստեփանյանը, Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Մանվել Բադեյանը, Արման Սահակյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առիթով ասաց. «Մյուս անգամ էլ երեւի պարսավանքի սյունին կգամեն, հետո էլ ծնող կկանչեն»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ինքը՝ որպես խմբակցության քարտուղար, տեղյակ է եղել, թե որ պատգամավորն ինչու է բացակայել նիստից. «Բոլոր բացակայությունները հարգելի են, եւ բացակայող պատգամավորները համապատասխան տեղեկանք կտրամադրեն ԱԺ քարտուղարությանը»: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւս նշեց, որ իրենց խմբակցությունը մշտապես տեղյակ է, թե իրենց պատգամավորները որտեղ են եւ ինչու են բացակայում նիստերից:
Այսպիսով` գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ «ԱԺ դերը բարձրացնելու» նպատակով խորհրդարանի նախագահի պաշտոնին նշանակված Հովիկ Աբրահամյանի դերը գնալով անկում է ապրում: Վերջինս այլեւս չի կարողանում իր մոտ կանչել պատգամավորներին ու պարտադրել, որպեսզի անպայման ներկա լինեն նիստերին, ուստի նման միջոցների է դիմում:
ԱՐԳԱՄԻՉԸ ՆԵՐԿԱ-ԲԱՑԱԿԱ Է ԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ