«Տիտան» տուրիստական ընկերության նախկին տնօրեն Հակոբ Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր այցելել՝ տեղեկացնելու, որ իր համբերության բաժակը լցվել է, եւ եթե չկարողանա վերականգնել արդարությունը, կգնա սպանության:
Նախ ներկայացնենք, թե ինչն է ստիպել երկու տղաների հորը՝ Հակոբ Հովհաննիսյանին, հայտնվել նման ծայրահեղ վիճակում: Ինչպես պատմեց մեր զրուցակիցը, իր ընկեր Ռաֆիկ Ռշտունու եղբայրը` Ռազմիկ Ռշտունին, իրենից պարտքով գումար է վերցրել եւ չի վերադարձրել. «Փախած էր ման գալիս ու հանկարծ մի օր եկավ եւ ասաց, թե ինքը թռնող մարդ չի, Ամերիկայի գործ է անում եւ շուտով իմ գումարը կվերադարձնի»:
Հակոբի ներկայացմամբ, երբ իր ընկերներից մեկը լսել է, որ Ռազմիկը զբաղվում է ԱՄՆ մարդկանց տեղափոխելով, խնդրել է իր ծանոթներից Թաթուլ Հակոբյանի քրոջը եւս Ամերիկա տեղափոխել. «Դե երկուսն էլ ինձ ծանոթ մարդիկ էին եւ այդ ամենից հետո սկսեցին նկարներ փոխանցել ու նման այլ բաներ անել»:
Հակոբի ընկեր Ռազմիկը խոստացել է, որ Թաթուլի քրոջը 7000 դոլարով կարող է ճանապարհել ԱՄՆ: «Մի օր էլ եկավ, թե աչքդ լույս, ամեն ինչ ստացվել է, Թաթուլի քրոջը կարող ենք ուղարկել ԱՄՆ: Ես էլ ասացի` դե լավ է, ու գնացինք Թաթուլենց տուն՝ աչքալուսանք տալու եւ փողը վերցնելու»,-պատմեց Հակոբը:
Ընկերներով այդ օրը ուրախալի լուրի առիթով Թաթուլի տանը խրախճանք են կազմակերպել, եւ երբ հերթը եկել է փողը տալուն, Թաթուլն ասել է, թե գիշերով ինքը ոչ ոքի փող տվող չէ: Այս ամենը խիստ վրդովեցրել է ներկաներին, եւ փոքրիկ կոնֆլիկտ է ծագել, որը, սակայն, մեր զրուցակցի խոսքով, հարթվել է:
Դրանից հետո Ռազմիկին հաջողվել է Հակոբի ծանոթ Թաթուլից վերցնել 7000 դոլարը, սական Թաթուլը միամիտ չի գտնվել եւ Ռազմիկին խնդրել է, որ իրեն այդ 7000 դոլարի դիմաց մի թուղթ տա, որով իր քրոջը կապացուցի, թե ԱՄՆ մեկնելը կազմել է այնքան գումար, որքան նա տվել է. «Ռազմիկը շրջվեց ինձ, թե Հակո՛բ, քանի որ դու այս ամենին ներկա ես եղել, դու գրի՛ քո անունով, ինչը եղավ իմ մեծ ապուշությունը, բայց համոզեցին, ու գրեցի, որ իբր ես 7000 դոլար փող եմ վերցրել: Բայց ոչ ԱՄՆ-ի համար, այդ մասին չնշեցինք փաստաթղթում, ու այդպես մենք բաժանվեցինք»:
Այս ամենից հետո մնում էր սպասել, թե երբ Թաթուլի քույրը կմեկներ ԱՄՆ, սակայն ամեն ինչ այլ ընթացք է ունենում: Ռազմիկը փողերը վերցնում ու անհետանում է, ինչ համար ոստիկանությունում քրեական գործ է հարուցվում, ու մինչեւ օրս Ռազմիկ Ռշտունուն որոնում են: «Անցավ մի ժամանակ, գործերովս գնացել էի Ղարաբաղ, երբ այնտեղից վերադարձա, իմացա, որ Թաթուլը դիմել է դատարան: Ես բացատրում եմ, որ քրեական գործ է հարուցված Ռազմիկին գտնելու համար, դատարանն ասում է՝ կապ չունի: Թաթուլը դիմել է դատարան` ասելով, թե Հակոբը 7000 դոլարը վերցրել է եւ չի վերադարձրել, ու այդ ամենը տոկոսներով կազմել է 11.900 դոլար: Ու ի՞նչ ասեմ, հարկադիրը եկավ իմ տուն, կալանք դրեց տանս վրա, իրերն էլ հավաքեց ու տարավ, եւ սա էլ դեռ հերիք չէ, իմ տունն անօրինական կերպով Թաթուլն իր ձեռքը վերցրեց, ծախեց, ու երեխաներս այսօր անտուն են մնացել»,-ներկայացրեց Հակոբը:
Մեր զրուցակիցը բավական վճռական էր տրամադրված եւ նշեց, թե այս ամենն այսպես չի թողնի. «Թաթուլը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի բարեկամն է, թե չգիտեմ ինչն է, ամեն ինչ անում է դատարանների բոլոր դռներն իմ առաջ փակելու համար: Ուր գնում եմ, ոչ մի տեղ չեմ կարողանում վերականգնել արդարությունը, սա այսպես չեմ թողնի եւ խփելու եմ, ասել եմ ու կասեմ՝ Թաթուլին մորթելու եմ, եթե ամեն ինչ այսպես շարունակվի»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Թաթուլ Հակոբյանի հետ, որը ներկայացրեց կատարվածի իր տարբերակը. «Ես ոչ մի Ամերիկայի մասին էլ չգիտեմ: Հակոբն իմ քրոջ տղայի հետ է եկել մեր տուն, եւ գումար են ուզել, ես էլ պայմանագրով տվել եմ, ու Հակոբը խաբել է, թե այսօր կտամ, վաղը կտամ ու անընդհատ ձգել է: Նա շատ մարդկանց է խաբել ու փողերը վերցրել: Հակոբն ինձ անձամբ է խնդրել, որ իր տունը սեփականաշնորհեմ, քանի որ այնքան մարդկանց էր խաբել, որ նրանք եկել, իմ աչքի առաջ իրեն ծեծել են եւ ամեն ինչ անում էին՝ նրա տունը ձեռքից վերցնելու համար: Ես խաբելու բան չունեմ, ամեն ինչ օրենքի շրջանակներում է եղել, եւ ստելու ոչ մի առիթ չունեմ»:
Երբ Թաթուլին տեղեկացրինք, որ Հակոբը հայտարարել է, թե սպանելու է իրեն, վերջինս ասաց. «Ի՞նչ անեմ, կա՛մ ինֆարկտը պետք է խփի, կա՛մ Աստված պետք է պատժի, կա՛մ էլ ինքը պետք է խփի, ի՞նչ կարող եմ ասել»:
ԱՀԱԶԱՆԳ. ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄՈՐԹԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ