Համացանցը 25 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1990 թվականի դեկտեմբերի 25-ին «ծնվեց» համացանցը: Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվեց ապահովել Hypertext Transfer Protocol հաճախորդի ու սերվերի միջև կապը։

1957թ. Խորհրդային Միությունը տիեզերք արձակեց Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը, որից անմիջապես հետո ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը որոշեց, որ հնարավոր պատերազմի դեպքում իրենց պետք է գալու տեղեկատվության փոխանցման վստահելի համակարգ: Առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալությունը (ARPA – Advanced Research Projects Agency) առաջարկեց ստեղծել համակարգչային ցանց, որի նպատակը ցանցի մեջ գտնվող համակարգիչների միջև տվյալների փոխանակության կազմակերպումն էր: Պաշտպանության նախարարությունը հանձն առավ այս նախագծի ֆինանսավորումն ու այն հանձնարարեց 4 գիտական հաստատությունների:

Սկսվեց ARPANET (Advanced Research Projects Agency Network – Առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալության ցանց) անվանումը ստացած ցանցի ստեղծումը, որը ներկայիս համացանցի նախատիպն էր:

Տեխնոլոգիայի առաջին փորձարկումը կատարվեց 1969թ. հոկտեմբերի 29-ին, երեկոյան ժամը 21:00-ին: Ցանցը կազմված էր իրարից 600կմ հեռավորությամբ տեղակայված տեղեկատվական սարքերից: Դրված էր այսօրվա իրականության համար պարզագույն թվացող խնդիր. առաջին օպերատորը երկրորդին պետք է փոխանցեր «LOG» բառը, երկրորդը, այդ բառն էկրանին տեսնելով, պետք է հաստատեր, որ այն իրեն հասել է: Առաջին փորձը ձախողվեց. երկրորդ օպերատորը ստացավ միայն «L» և «O» տառերը: Փորձը կրկնվեց մեկ ժամ անց և այս անգամ պսակվեց հաջողությամբ: Այս փորձարկման օրն ընդունված է համարել համացանցի ծննդյան օր, իսկ սույն ձեռնարկը պատրաստելիս լրացավ համացանցի ծննդյան 40 ամյակը:

Սկզբնական շրջանում ցանցը միացնում էր այն ստեղծող 4 գիտական հաստատությունները: Բայց շուտով ցանցն սկսեց ակտիվորեն աճել, և այն սկսեցին կիրառել տարբեր ոլորտների գիտնականներ:

1971թ. մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը, որը շատ շուտով ճանաչում ձեռք բերեց:

1973թ. ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները՝ Մեծ Բրիտանիայից և Նորվեգիայից. ցանցը դարձավ միջազգային:

1970-ական թվականների սկբներին սկսեցին մշակվել ու զարգանալ տվյալների փոխանցման հաղորդակարգերը (protocol), որոնք ստանդարտի բերվեցին 1982-1983թթ.-ին: 1983թ. հունվարի 1-ին ARPANET-ն սկսեց օգտագործել TCP/IP հաղորդակարգը, որը կիրառվում է մինչ այսօր:

1983թ. ARPANET ցանցն սկսեցին անվանել համացանց (Internet), որը հիմա հայերենում ընդունված է անվանել համացանց:

1984թ. մշակվեց դոմենային անվանումների համակարգը (Domain Name System – DNS):

1984թ. ARPANET ցանցի լուրջ մրցակից հայտնվեց՝ ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի (National Science Foundation-NSF) ստեղծած NSFNet միջազգային ցանցը, որը կազմված էր ավելի փոքր ցանցերից, իսկ արագագործությամբ գերազանցում էր ARPANET-ին: Մեկ տարվա ընթացքում այս ցանցին միացան 10 հազարից ավելի համակարգիչներ, ու «համացանց» անվանումը սկսեց սահուն փոխանցվել NSFNet-ին:

1983թ. մշակվեց Internet Relay Chat (IRC) հաղորդակարգը, ինչը օգտվողներին հնարավորություն տվեց համացանցում շփվել իրական ժամանակում (real time), երբ հաղորդակցման ընթացքում մեկի գրածը մյուսին գործնականում հասնում է գրեթե նույն պահին:

1988թ. Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհրդում (Conseil Europռen pour la Recherche Nuclռaire-CERN) ստեղծվեց համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) հայեցակարգը: Այս գաղափարի առաջարկը ներկայացրել էր բրիտանացի հայտնի գիտնական Թիմ Բըրներս-Լին (Tim Berners-Lee), ով երկու տարվա ընթացքում մշակեց ներկայումս կիրառվող HTTP (HyperText Transfer Protocol-հիպերտեքստի փոխանցման հաղորդակարգ) հաղորդակարգը, HTML (HyperText Markup Language-հիպերտեքստի նշման լեզու) լեզուն, URI (Uniform Resource Indentifier – պաշարների միասնական նույնացուցիչ) հասցեավորման համակարգը:

1990թ. ARPANET ցանցը, պարտվելով իր NSFNet մրցակցին, դադարեցրեց գործունեությունը: Նույն տարում արձանագրվեց հեռախոսային գծով առաջին միացումը համացանցին (Dial-Up Access):

1991թ. համաշխարհային սարդոստայնը հասանելի դարձավ համացանցում, 1993թ. հայտնվեց հայտնի NCSA Mosaic զննարկիչը (browser):

1995 թ.-ին NSFNet-ը վերադարձավ ցանցի հետազոտման իր առաքելությանը, իսկ համացանցի սպասարկման գործով սկսեցին զբաղվել ցանցային մատակարարները (provider): Նույն տարում համաշխարհային սարդոստայնը դարձավ համացանցում տվյալների փոխանակման հիմնական գործիք, գերազանցելով մինչ այդ առավել կիրառվող FTP (File Transfer Protocol – ֆայլերի փոխանցման հաղորդակարգ) հաղորդակարգին: Ստեղծվեց համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումը (W3C-http://www.w3.org): 1996թ. սկսած, համացանց ասելով հիմնականում հասկանում են համաշխարհային սարդոստայնը:

1990-ականներին համացանցն արդեն ներառում էր գոյություն ունեցող գրեթե բոլոր ցանցերը: Միացումը գրավիչ էր, քանի որ գոյություն չուներ ընդհանուր ղեկավար, տեխնիկական ստանդարտները բաց էին, ինչը թույլ էր տալիս բիզնեսից և կոնկրետ կազմակերպություններից կախում չունենալ:

1997թ. համացանցում արդեն կար մոտավորապես 10 միլիոն համակարգիչ, գրանցվել էր ավելի քան մեկ միլիոն դոմենային անվանում:




Լրահոս