Գագիկ Ծառուկյանի խնամի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանի անունն առանձնապես որեւէ մեկին հայտնի չէր: Դե ինչ մի օրենսդիր կարող էր լինել նա, եթե խորհրդարան էր եկել խնամու ջանքերով ու տեղ զբաղեցրել ԲՀԿ-ական լուռումունջ միլիոնատերերի շարքում: Ո՛չ ելույթներ էր ունենում, ո՛չ մասնակցում տարբեր օրինագծերի քննարկումներին:
Բայց հանկարծ նրա անունը հայտնվեց «Վիկիլիքս»-ում ու հիշատակվեց Վարդան Այվազյանի անվան կողքին: Այվազյանն այն ժամանակ սկսեց արդարանալ, թե Մ. Գուլոյանը բիզնեսի հարցում իր հետ կապ չունի, իսկ ինքը` Գուլոյանը, գերադասեց լռել, որեւէ հայտարարություն չանել: Եվ գուցե ճիշտ վարվեց, այլապես շատ բան կարող էր բացահայտվել` նաեւ կապված քաղաքապետ որդու գործունեության հետ…
Առհասարակ, Գուլոյանը չի սիրում խոսել իր ունեցվածքի մասին, եթե պետք է հայտարարագիր լրացնել, դառնում է չափազանց համեստ, այնպիսի տվյալներ է ներկայացնում, որ հազարավոր աղքատ համաքաղաքացիներ հանկարծ չասեն, թե Մուրադը «խրախճանք է սարքել ժանտախտի պահին»: Իսկ Գուլոյանը, ըստ իր հայտարարագրի, 2012-ին ունեցել է՝ 2 շինություն՝ 4258.39 քմ մակերեսով, 4 հողամաս՝ մոտ 12 հա տարածքով (բոլորը Կոտայքի մարզում), 1 ավտոմեքենա՝ «ՎԱԶ-21214»: Հաշվետու տարվա եկամուտը 3 մլն 84 հազ. 380 դրամ է (պատգամավորի աշխատավարձ), դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 275 մլն ՀՀ դրամ: Ունի 100% բաժնեմաս «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկայում: Իսկ ահա թանկարժեք գույք, ըստ հայտարարագրի, չունի: Խե՜ղճ Մուրադ Գուլոյան…
1982թ. նա ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1985թ.՝ Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը: Ստացել է ապրանքագետի որակավորում: Դա սովետական տարիներին ամենաէլիտար մասնագիտություններից մեկն էր, երբ ստանալով 60-70 ռուբլի՝ ապրանքագետները համարվում էին բանվորագյուղացիական բուրժուազիայի առաջատարները… 1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985-1992թթ. աշխատել է Աբովյանի շրջկոոպում ավագ ապրանքագետ, առեւտրի բաժնի պետ, առեւտրի կենտրոնի տնօրեն: 1993թ. եղել է «Կոտայք» ասոցիացիայի նախագահ, 2002թ.՝ «Միլտա» ՍՊԸ նախագահ: Եվ նման կենսագրության տեր մարդը թանկարժեք իրեր չունի: Գուլոյանի կոստյումների ու թեւին կապած ժամացույցի արժեքով կարելի է մոտ 200 թոշակառուի 4 ամիս թոշակ վճարել… Բայց նա այնքան ժլատ ու չկամ մարդ է, որ երբեք չի կամենա իր գրպանից տասը դրամ տալ կարիքի մեջ հայտնված որեւէ մեկին: Աբովյանցիները ծածուկ նրան «ասեղ մաշկող» են ասում, այսինքն՝ չափազանց ժլատ…
Գուլոյանն իր մեջ քաղաքական գործչին հայտնաբերեց 2003-ին եւ ընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակ: Այդ ժամանակ նա, Նժդեհից զատ, այլ գաղափարախոսի չէր ընդունում: Ինչպես շատ ՀՀԿ-ականներ, գուցե Մ. Գուլոյանն էլ չգիտեր, թե ով է Նժդեհը, բայց կարեւորն այն էր, որ նա ընդգրկված էր ՀՀԿ խմբակցության կազմում: Սակայն 2007-ին Գուլոյանը, հանուն խնամու, դավանափոխ եղավ եւ ընդգրկվեց «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակում: Այստեղ Նժդեհի գրքերի, հոդվածների մասին պետք չէր ոչինչ իմանալ, կարեւորը «թագավոր» խնամին էր…
2012-ին Մ. Գուլոյանը համամասնական ցուցակում չընդգրկվեց, սակայն առաջադրվեց թիվ 27 ընտրատարածքից: Դե դա համազոր էր համամասնականի, քանի որ նրա դեմ խաղ չկար, ոչինչ որ չլիներ, Գ. Ծառուկյանի ահից մարդիկ ձայն կտային իրեն: Տղան էլ չէր զլանա իր հեղինակությունն օգտագործել հոր համար, որին ԱԺ պատգամավորի մանդատը «վիզ պետք էր»՝ իր բիզնեսի համար:
Բիզնես շահերն էլ Գուլոյանին ստիպում էին գիշերն ընդդիմադիր լինել, ցերեկը՝ իշխանամետ: Այսպես, ՀՀ նախագահի ընտրությունների նախօրեին թերթերից մեկը հետաքրքրվել էր, թե ինչպես է քվեարկելու Ծառուկյանի խնամին. «Երկար լռությունից հետո նա ասել է. «Մեր քաղխորհուրդը որոշումը կայացրել է, իմ կարծիքով, դուք այդ մասին գիտեք, ես քվեարկելու եմ մեր քաղխորհրդի որոշման համաձայն»: Այսինքն՝ ինչպես Ձեր որդի՞ն: «Այո»: Բայց ասում են, որ նա աշխատում է Սերժ Սարգսյանի համար, մնացածներին էլ կոչ է անում քվեարկել նրա օգտին, համ էլ` կազմուպատրաստ դիմավորել էր Սարգսյանին: «Ինքը պետական աշխատող է, մոռանո՞ւմ եք դա»: Իսկ կարմիր գորգն ո՞վ էր փռել Ս. Սարգսյանի ոտքերի տակ, ի՞նչ եք կարծում: «Երեւի Հանրապետականը»: Առանց քաղաքապետի գիտությա՞ն, չէ՞ որ բոլորը նրան «կկասկածեին»: «Միգուցե»՝ պատասխանել է նա…»:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Գուլոյանն էլ բավական ակտիվորեն աշխատել է Ս. Սարգսյանի օգտին… Եթե որդին պետական աշխատող է, ինքն էլ պետական պատգամավոր է, որը մինչեւ օրս չգիտի, թե պաշտոններից ու բիզնեսի ապահովությունից զատ, ուրիշ էլ ինչ է ուզում… Բիզնես շահերն են մշտապես հետաքրքրել Գուլոյանին, որ մի ժամանակ ակտիվ աշխատանք կատարելով ՀՀԿ-ի համար՝ անցավ խնամու ստեղծած կուսակցության կողմն ու արտաքնապես իրեն ՀՀԿ-ական պահելով՝ մարդկանց հորդորում էր դառնալ ԲՀԿ անդամ… Այս ամենն իմանալով էր, որ պատգամավոր եղած ժամանակ Արմեն Աշոտյանը բացահայտորեն ամբիոնից ծաղրում էր Գուլոյանին, մինչդեռ վերջինս կարմրատակում էր ու մտքում որոշում կայացնում վրեժխնդիր լինել իրեն մերկացնող Աշոտյանից: Եվ մի անգամ Գալուստ Սահակյանի ներկայությամբ նույնիսկ փորձել է սուրճի բաժակը նետել Աշոտյանի վրա…
Թեեւ Ծառուկյանի խնամին ԱԺ-ում, կոճակ սեղմելուց զատ, ուրիշ գործով չի զբաղվում, բայց մշտապես ընդգրկվում է արտասահմանյան պատվիրակությունների կազմում: Սա էլ ժլատության արգասիք է, քանի որ իր անձնական բիզնեսի հարցերը նա կամենում է լուծել հարկատուներիս հաշվին: Առավել հաճախ Գուլոյանը հայտնվում է Բելգիայում, որտեղ շոկոլադի արտադրություն եւ էլի մի քանի օբյեկտներ ունի: Բացի այդ, զբաղվում է օճառի եւ կոսմետիկ պարագաների ներկրմամբ: Ի դեպ, Գուլոյանը երկար ժամանակ թաքցնում էր, որ իրեն է պատկանում Աբովյանում «Սիփան» միավորումը: Գուցե չէր բացահայտում, որպեսզի աչքով չտա՞ն… Երեւի աչքից վախենալու հանգամանքն է պատճառը, որ Գուլոյանն ԱԺ իր «գոլդ» սենյակում ոչ թե շերտավարագույրներ է կախել, որոնք թանկ արժեն, այլ սովորական շիֆոնե վարագույրներ… Ժլատությունն այստեղ էլ է աչքի ընկել:
ԷԼԻ ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ