Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Նվեր Պետրոսյանն ու բողոքում էր «Բիլայն» ընկերությունից: Նա նշեց, որ ինքը 20 տարի է՝ Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենն է ու այս տարիների ընթացքում երբեւիցե որեւէ սխալ արարք թույլ չի տվել: Բայց «Բիլայն»-ի պատճառով այսօր հայտնվել է տհաճ իրավիճակում: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ նշված ընկերությունը ոտնահարել է իր եւ իր ընտանիքի իրավունքները:
«Ես իմ ուսանող երեխայի համար «Բիլայն»-ից ապառիկով համակարգիչ եմ վերցրել: Քաղծառայողի չնչին աշխատավարձի պատճառով չեմ կարողացել որոշ ժամանակ այդ գումարը վճարել: Անկեղծ եթե լինեմ, ապա նամակով ստացել եմ, որ այսքան տուգանք է եկել դրա համար: Սակայն որոշ ժամանակ հետո առանց դատական վճռի, առանց դատարանում իմ իրավունքները պաշտպանելու իմ աշխատավարձի վրա կալանք են դրել: Ես գնացել եմ իմ աշխատավարձը ստանալու ու տեսել եմ, որ իմ աշխատավարձի վրա արգելանք է դրված»,-նեղսրտած պատմեց մեր զրուցակիցը:
Նվեր Պետրոսյանը հավելեց, որ հանուն իր լավ սովորող ուսանող որդու` նման քայլի է գնացել: «Եթե այս երկրում միլիոնավոր դոլարներ են յուրացնում, իսկ ես ընդամենը իմ խելոք էրեխուն… բա գրե՛ք, որ իմ մի էրեխեն էլ էսօր հայոց բանակում ա ծառայում՝ Աղդամում, մեկն էլ էսօր ուսանող ա, ու ընդամենը իմ էրեխուն համակարգիչ եմ վերցրել: Առանց դատական վճռի նման որոշում են կայացրել: Կարող էին դատական վճռով ժամանակացույց նշանակել ու այնպես անել, որ ես ժամանակի ընթացքում կարողանայի այդ գումարը վճարել: Ի վերջո, ես ընտանիք ունեմ, պետք է իմ ընտանիքին էլ պահեմ: Բավական չէ, որ դուք հզորացել եք, նաեւ լկտիացել եք այն աստիճանի, որ էլ չասած… արդարադատությունը էլ ինչի՞ համար է այս երկրում»,-հռետորական հարց ուղղեց քաղաքացին:
Թեեւ Ն. Պետրոսյանը, շատ վրդովված էր ստեղծված իրավիճակից, այնուամենայնիվ, նշեց, որ ինքը պատրաստ է վճարել այդ գումարը, բայց իրեն ժամանակ է հարկավոր այդքան դրամ հայթայթելու համար:
Կատարվածի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայություն, որտեղից պարզաբանեցին. «Հայցվորը պարտավոր չէ տեղեկացնել հայցորդին դատական նիստի անցկացման օրվա մասին: Այս պարտականությունը դատարանի իրավասությունների շրջանակում է, եւ մեր տեղեկության համաձայն՝ այն պատշաճ կարգով իրականացվում է դատական մարմնի կողմից: Նախքան դատավարման գործընթացի սկսելը պարտքի մարման կարգավորումների ժամանակացույցի տրամադրումը երկար ժամանակ արդեն մեր ընկերության պարտականությունը չէ: Չնայած այն հանգամանքին, որ «ԱրմենՏել» ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ մինչ նախադատական գործընթացը հաճախորդների պարտքերի հետ կապված խնդիրները լուծելու համար, այնուամենայնիվ, պարտքի մարման համար ժամանակացույցի տրամադրումը կարող է լինել միայն բաժանորդի կամքով նախադատական ժամանակաշրջանի ընթացքում»:
«ԲԻԼԱՅՆ»-ԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ