Երեւանի ագրարային համալսարանը` տարատեսակ բաժիններով եւ հարյուրավոր մասնագիտություններով, ստացիոնար ու հեռակա ուսուցումով, հսկա հոլդինգ է հիշեցնում: Բացի տնտեսագիտական, մարկետինգային եւ մյուս մոդայիկ մասնագիտութուններից` հիմնական բաժինները «գյուղական» բնույթ ունեն` կաթի, մսի, գինու տեխնոլոգներ, անասնաբույժ, անասնաբույծ, ագրոնոմ եւ այլն: Նախօրեին Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը լրագրողներին ասաց, որ գյուղատնտեսական մասնագիտությունները «հրապուրիչ չեն երիտասարդների համար», բայց մոռացավ նշել, որ շատ մասնագետներ ուղղակի չգիտեն որտեղ աշխատել: Չկան նախկին կոլխոզներն ու սովխոզները` իրենց տասնյակ հաստիքներով եւ բարձր ու կայուն աշխատավարձերով: Ագրարայինի կադրերը գյուղում այսօր հազվադեպ են աշխատանք գտնում: Հազարավոր մանր, մասնավոր տնտեսություններ իրենց այդպիսի շռայլություն չեն կարող թույլ տալ, թեեւ գուցե ունեն ե՛ւ տեխնոլոգի, ե՛ւ անասնաբույժի կարիք: Եւ միակ աշխատատեղը մնում է Գյուղնախարարությունը, այն էլ հազիվ թե թափուր տեղեր ունենա:Նախարարության բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը իր կողմից մի քանի պետական աշխատատեղ էլ հուշեց` պետական սերմնաբուծական երկու տնտեսությունները: Լավ, մի քանի հոգի էլ այդտեղ, բայց սա էլ հարցի լուծում չէ: Մի քանի տարի առաջ որոշվեց 800 մեծ համայնքներում անասնաբույժի հաստիք ունենալ, սակայն փողի պակասից մշտապես լացող գյուղապետերի մեծ մասը գերադասում է իր համայնքը այդպիսի «ծախսի տակ» չդնել: Ամենալավ վիճակում տեխնոլոգներն են, քանի որ մարզերի կաթի, մսի, գինու արտադրամասերում աշխատելու հնարավորություն ունեն: Ռեկտորի համար ցավոտ հարց է, որ ագրոնոմները, բույսերի պաշտպանության մասնագետները աշխատանք չեն գտնում, «բայց նրանց իմացություններն էլ պետք են գալիս սեփական տնտեսությունը վարելիս»: Նույնն է, թե` Բժշկական համալսարանի շրջանավարտին սիրտ տաս` ասելով, որ տանը մի բժիշկ պետք է:Անհրաժեշտություն է արդյոք հեռակա ուսուցումը, երբ ստացիոնար ավարտած հարյուրավոր ուսանողներ մնում են առանց աշխատանքի: Այս հարցի պատասխանը ռեկտորի համար «միանշանակ» էր.«Միանշանակ պետք է: Ասեմ ինչու… Եթե հեռական չլինի, մարզերի շատ ուսանողներ կզրկվեն սովորելու հնարավորությունից, քանի որ Երեւանում ապրելը, մեղմ ասած, թանկ է: Հաշվի առեք, որ այդ ուսանողների մեծ մասը նաեւ ըստ մասնագիտության աշխատում են, ընտանիք են պահում եւ այլն: Եթե հեռական չլինի, բանակից հետո շատ երիտասարդներ ուղղակի կիսատ կթողնեն ուսումը»:Պարոն Թարվերդյանը շատ լավ գիտեր հարցի ենթատեքստը (կաշառքի ռիսկեր, հեշտ են գործարքի մեջ մտնում, հիմնականում ավելի թույլ պատրաստված ուսանողներ են) եւ հարցիս հարցով է պատասխանում.«Իսկ Ձեզ համար զարմանալի չէ՞, որ հայ ծնողը ոչ միայն ուսման վարձ է տալիս, որ իր երեխան սովորի, այլեւ այդ երեխան չի սովորում, եւ ծնողը ամիսներով ընկնում է դասախոսի հետեւից ու խնդրում- աղաչում, որ դուրս չմնա»:Բոլորս էլ գիտենք, որ այդ աղաչանքը հիմնականում գումարային արտահայտություն ունի կամ զիջող դասախոսն «ինքն իրեն պարգեւատրում է» այդ բարի քայլի համար: Պարոն Թարվերդյանը խնդրում է օրինակներով խոսել, եթե գիտենք: Պատասխանում ենք Հակոբ Պարոնյանի բառերով.«Ատանկ բաները կտեսնվի՞ն»:Ամեն դեպքում, միայն այս տարի բուհից հեռացվելէ 580 ուսանող , որոնց գերակշիռ մասը` ուսման վարձը չմուծելու պատճառով: ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՅՈՒՂԱԿԱԴԵՄԻԱՅԻՑ 580 ՈՒՍԱՆՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ