ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 2015թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 00-ից մինչև 02-ն ընկած ժամանակահատվածում, իր վարձակալած բնակարանում Արտյոմ ներկայացած անձը հարձակում է գործել իր նկատմամբ, բռնություն գործադրել` ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա, հափշտակելով դեղորայք ու բանալիների պարունակությամբ պայուսակը, դիմել փախուստի:
Նկատի ունենալով, որ նախապատրասված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով (ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարել) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին