Դեկտեմբերի 24-ին Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
Հանրապետության Նախագահը շնորհավորեց նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի համար, արտաքին գերատեսչության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթեց առողջություն, երջանկություն և հաջողություններ:
Իր շնորհավորական խոսքում Նախագահը նաև ամփոփեց 2015 թվականը, անդրադարձավ անցնող տարվա ձեռքբերումներին, թերացումներին, դժվարություններին ու մարտահրավերներին, խոսեց 2016 թվականի ծրագրերի և ակնկալիքների մասին:
Ընդգծելով, որ անցնող 2015թ. ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ նաև ամբողջ հայության համար հիշարժան, միջոցառումներով հագեցած և այդ տեսանկյունից լարված տարի էր՝ Հայրենիքում և աշխարհի շատ երկրներում արժանապատվորեն ու բարձր մակարդակով անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ: Հանրապետության Նախագահն այդ աշխատանքներում կարևորեց արտաքին գործերի նախարարության աշխատակիցների դերը:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև մեր երկրի համար կարևորագույն այլ իրադարձությունների՝ ընթացիկ տարում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Եվրամիության հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին՝ շեշտելով, որ այդ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու մասին իրատեսական որոշումները Հայաստանի հետագա զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունեն:
Նախագահը խոսեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ ցավով նշելով, որ անցնող տարում բանակցություններն առաջընթաց չեն արձանագրել, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է, և անհրաժեշտ է այս ուղղությամբ բազմապատկել ջանքերը եկող տարում:
Նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եկող տարվանից տեղափոխվելու է վարչական նոր մասնաշենք, որտեղ աշխատանքի համար ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծված՝ Հանրապետության Նախագահը վստահություն հայտնեց, որ նոր տարում արտաքին գերատեսչության աշխատակիցներն իրենց գործունեությունը կիրականացնեն ավելի մեծ եռանդով, նվիրումով, նոր գաղափարներով ու ծրագրերով, նոր գիտելիքներով զինված, առանց որոնց, Նախագահի համոզմամբ, որևէ պետություն չի կարող հաջողություն ունենալ: