Տոնածառի ծագման պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր օրերում Սբ. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով:

Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը, տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841թ. անգլիական առաջին տոնածառը Ուինձորի դղյակում զարդարելով մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթով:
Իհարկե, շուտով անգլիացի այլ հարուստներ հետևեցին նրա օրինակին` զարդարելու նպատակով օգտագործելով զանազան խենթուխելառ իրեր: Չարլզ Դիկենսը նկարագրել է տոնածառ` զարդարված տիկնիկներով, խաղալիք փոքրիկ կահույքով, երաժշտական գործիքներով, հրացաններով և թրերով, մրգով և քաղցրավենիքով:
19-րդ դարի առաջին տասնամյակներում տոնածառերն ընդունված չէին: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարեցին Փենսիլվանիայի գերմանացի նորաբնակները: Նրանք ցուցադրեցին մի տոնածառ` տեղի եկեղեցու համար գումար հանգանակելու նպատակով: 1851թ. եկեղեցիներից մեկի բակում տոնածառ դրվեց, սակայն ծխականներն այն համարեցին վերադարձ հեթանոսությանը և եկեղեցու սպասավորին խնդրեցին տոնածառը հանել:

Մինչև 1980-ական թվականները տոնածառի զարդարանքները գալիս էին Գերմանիայից, իսկ ԱՄՆ-ում տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում: Եվրոպացիներն օգտագործում էին փոքր տոնածառեր` մոտավորապես 4 ֆուտ բարձրությամբ, մինչդեռ ամերիկացիները գերադասում էին հատակից միչև առաստաղ հասնող տոնածառերը: 20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարում էին հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակում էին օգտագործել խնձոր, ընկուզեղեն և նշակարկանդակ:

Շարաններ էին պատրաստվում մեջընդմեջ դրված վառ գույներով ներկված եգիպտացորենի բոված հատիկներից (ադիբուդի), հատապտուղներից և ընկուզեղենից:
Էլեկտրականությունը նպաստեց, որ լույսերով զարդարված տոնածառերը զարդարվեն աշխույժ գույներով: Դրանից հետո տոնածառերը սկսեցին հայտնվել քաղաքային հրապարակներում: Թե՛ մասնավոր և թե՛ հանրային բոլոր կարևոր շենքերը տոնածառի զարդարումով ազդարարում էին Սբ. Ծննդյան Տոնի սկիզբը:

Վաղ տոնածառերը զարդարվում էին փերիների և բարի հոգիների պատկերներով, թեև եղջյուրները և զանգակներն էլ օգտագործվում էին չար ուժերին վախեցնելու համար: Լեհաստանում տոնածառերը զարդարվում էին հրեշտակներով, սիրամարգերով և այլ թռչուններով, ինչպես նաև շատ աստղերով, Շվեդիայում` վառ գույներով ներկված փայտե խաղալիքներով և կենդանիների ու երեխաների ծղոտե պատկերներով:
Դանիայում տոնածառների վրա կախում էին դանիական փոքրիկ դրոշակներ, զանգակներ, աստղեր, ձյան փաթիլներ և սրտիկներ: Ճապոնիայում քրիստոնյաները նախընտրում էին փոքրիկ հովհարներ և թղթե լապտերինկեր: Լիտվայում տոնածառերը զարդարում էին ծղոտե թռչնավանդակներով, աստղերով և երկրաչափական պատկերներով: Ծղոտը խորհրդանշում էր նոր տարում առատ բերքի մաղթանք: Չեխոսլովակիայում տոնածառերը զարդարում էին ներկված ձվի կճեպից պատրաստված զարդարանքներով:

Ուկրաինայում տոնածառերի վրա կար սարդը և սարդոստայնը` որպես հաջողության խորհրդանիշ: Կա լեգենդ մի աղքատ կնոջ մասին, ով ոչինչ չուներ` զարդարելու իր երեխաների տոնածառը: Սբ. Ծննդյան Տոնի առավոտյան արթնանալով` նա տեսում է, որ ծագող արևն արծաթի է վերածել իրենց տոնածառի` սարդոստայնով պատված ճյուղերը:

Լեգենդներ տոնածառի մասին.

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Սբ. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի:

Տոնածառի զարդարումը. հավերժական ավանդույթ.
Այսօր տոնածառի զարդարանքներ, շողշողուն զարդաշղթաներ և առկայծող լուսաշղթաներ կարելի է գնել առևտրի ցանկացած կենտրոնում: Այն, ինչն անցյալում պարզ ընտանեկան ավանդույթ էր, այժմ վերածվել է բազմամիլիոն արտադրության` տարեցտարի դառնալով ավելի ու ավելի կատարելագործված և մատչելի` գնային առումով: Իսկ ինչպե՞ս է այդ ավանդույթը ձևավորվել և դարձել Սբ. Ծննդյան անբաժան մասը:

Քրիստոնյաների շատ ավանդույթների նման` այդ ավանդույթը առաջացել է հին հռոմեական հավատալիքների և քրիստոնեության տարածման միահյուսման արդյունքում: Վաղ քրիստոնյաները հավատում էին, թե որոշ ծառեր անժամանակ ծաղկում են Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին` որպես Հիսուսի ծննդյան հանդեպ հարգանք և մեծարանք: Այդ հավատալիքով էր պայմանավորված տներն ամանորի առիթով բուսականությամբ զարդարելու հռոմեական ավանդույթը, ինչն էլ դարձել է տոնածառը զարդարելու արդի պատկերացման հիմքը:

Տոնածառերի զարդարումը Եվրոպայում արձանագրվել է 17-րդ դարից ի վեր, սակայն տոնածառի զարդարման առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 1605թ.: Ըստ Ջոն Մեթյուսի գրքի` գերմանացի մի անհայտ քաղաքացի այդ տարի տոնածառը զարդարել էր: Հապա լուսաշղթանե՞րը և բազում փաթեթավորված նվերնե՞րը: Ավելի քան 100 տարի առաջ էր, որ Վիտտենբուրգի համալսարանի պրոֆեսոր Կառլ Գոտֆրիդ Կիսլինգը գրեց տոնածառը մոմերով զարդարելու և դրա բնի շուրջ մանուկների համար փաթեթավորված նվերներ դնելու մասին:




Լրահոս