«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է իր «Ազատ հայրենիք» կուսակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ներկայացնել առաջարկություններ` ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հետ կապված: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի այդ հարցի հետ կապված ԼՂՀ նախագահը: Ըստ Բաբայանի՝ նման առաջարկ դեռեւս չի ստացվել: «Դեռ չի դիմել, երբ կդիմի, կտեսնենք: Պետք է ամեն ինչ խորաթափանց ձեւով վերլուծվի, մշակվի, բազմաթիվ քաղաքական կոնսուլտացիաներ կան: Ի վերջո, սա քաղաքական լուրջ գործընթաց է»,- հայտարարեց ԼՂՀ նախագահի խոսնակը:
Հարցին, թե ինչպես է նման հեռանկարին վերաբերում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ հարցը դեռ ներառված չէ Արցախի քաղաքական օրակարգում, այդ պատճառով նախագահի դիրքորոշման մասին խոսելը ճիշտ չի լինի: «Այդ հարցը քաղաքական օրակարգ չի մտել, այդ պատճառով վաղաժամ է խոսել նախագահի դիրքորոշման մասին, երբ որ կլինի, դիրքորոշումը պարզ կլինի»,- պատասխանեց մեր զրուցակիցը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: