Ժողովուրդ. Ո՞վ է գրպանել Տաշիրի Սամոյի փողերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հասարակական հետաքրքրության կիզակետում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին “Ժողովուրդ”-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Թերթի հիշեցմամբ` բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ֆինանսական բուրգի բացահայտումից հետո Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ազատվեց պաշտոնից: Ըստ “ՀԺ”-ի`այդ կառույցը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից և “պայթել”: Եվ ահա “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել որ “քցվածներից” մեկը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է, որը Սերժ Սարգսյանի մոտ “պատռել է” “բուրգի” որոշ բարձրաստիճան անդամների դիմակը, որոնք գրպանել են իր փողերը: 
ՀՔԾ-ից, սակայն, “Ժողովուրդ”-ին տեղեկացրել են որ այս քրգործով կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են վկաներ, իրականացվում են քննչական այլ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու և մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ. “Քրեական գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կողմից ՀՀ-ում կատարած ներդրումներն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից յուրացնելու դեպքի վերաբերյալ”: 
Իսկ Ս. Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը “Ժողովուրդ”-ին հայտնել է. “Ես, իհարկե, իրավասու չեմ պատասխանել Ս. Կարապետյանի անունից, սակայն շատ լավ ճանաչելով Կարապետյան եղբայրների մարդկային տեսակն ու հնարավորությունները`վստահ եմ, որ որևէ մեկը, ով էլ նա լինի, չի կարող, ինչպես Դուք եք նշում, “քցել” նրանց: Դա բացառվում է: Անհրաժեշտության դեպքում իրենք են գումար տրամադրում նրանց, ովքեր դրա կարիքն ունենե: Թերթը հավելում է, որ այս “բուրգի” բացահայտման հետևանքով էլի սպասվում են խոշոր պաշտոնանկություններ` խոստանալով մանրամասներ հրապարակել առաջիկայում:

Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս