Արդեն 21 տարի է Մայիսի 9-ը կրկնակի խորհուրդ ունի հայերի համար: Անցյալ դարի 40-ականներին տեղի ունեցած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին 1992թ.-ին գումարվեց նաև Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման խորհուրդը:
1992թ. մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար: Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնք ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: Նրա հեղինակած “Հարսանիք լեռներում” օպերացիան սկսվեց մայիսի 8-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: 26 ժամ տևած օպերացիայի արդյունքում հայկական կողմը տվեց 58, իսկ ադրբեջանականը՝ 200 զոհ։
Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմի համար, քանի որ հենց Շուշիից էին ադրբեջանցիները գնդակածում Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել առաջ:
Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում: Եվ այն դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ ևս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը:
Արցախյան պատերազմի մասնակիցների համար օրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի վերատիրումը հայ ռազմիկների կողմից վերջնականապես հուսալքեց թուրք-ադրբեջանցի զինվորներին, ովքեր այլեւս ճողոպրում էին ռազմադաշտի տարբեր ճակատներից… 1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության եւ 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի:
Այս մայիսյան օրերին հայությունը նշում է նաև Պաշտպանության բանակի ստեղծման և 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը, երբ խորհրդային բանակի կազմում մարտնչող հայ զինվորները Բեռլինում պարեցին Հայոց Քոչարին…
Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները Խորհրդային միության մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։