Մայիսի 9-ը ոսկե տառերով է գրվել մեր ժողովրդի պատմության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Մայիսի 9-ը ոսկե տառերով է գրվել մեր ժողովրդի պատմության մեջ, գրվել է մեր հերոս պապերի ու հայրերի, քույրերի ու եղբայրների արյամբ, նրանց, ովքեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը վեր դասեցին ամեն ինչից եւ նահատակվեցին հանուն համազգային գաղափարների իրականացման: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում ու գործերում:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը, անցնելով բազում զրկանքների միջով, մյուս ժողովուրդների հետ պայքարեց դարի մեծագույն չարիքի՚ ֆաշիզմի դեմ եւ միասին տոնեց Մեծ Հաղթանակը:
Բազմապատկելով նրանց փառքն ու սխրանքը՝ մեր այսօրվա սերունդը հերոսության ու արիության հրաշքներ գործեց մարտի դաշտում եւ պաշտպանեց հարազատ Արցախը: Մենք ստեղծեցինք կանոնավոր ու մարտունակ բանակ, ազատագրեցինք հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ այսօր էլ շարունակում ենք շենացնել մեր պապենական հողն ու հայրենի երկիրը՝ համայն հայության հետ ձեռք ձեռքի խորացնելով ու ամրապնդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով, միասնաբար ու միակամ մենք կունենանք շատ ու շատ նվաճումներ ու ձեռքբերումներ, կարձանագրենք նոր հաջողություններ կյանքի տարբեր բնագավառներում:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս պանծալի Եռատոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաղթանակներն ուղեկից լինեն մեր ժողովրդին միշտ եւ ամենուր:




Լրահոս