Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը բարդանում է: Գրեթե ամեն օր հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ները մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմի խախտման մեջ և հայտնում զոհերի մասին: Այս մասին գրում է ռուսական «Արգումենտի Նեդելի» թերթը:
Պարբերականը նշում է, որ Մոսկվայում ՀԱՊԿ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ, համաձայն կազմակերպության կանոնադրության, նրա անդամներից մեկի վրա հարձակումը հավասար է ողջ կազմակերպության վրա հարձակմանը:
«Այժմ գոյություն ունի Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման 2 ծրագիր: Առաջինն առաջարկել են ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որն է՝ մեծացնել ԵԱՀԿ ներկայացուցիչների խումբն ու տարածքը վերազինել վերահսկողության տեխնիկական միջոցներով: Մենք համարում ենք, որ դա չի օգնի և խաղաղապահ ուժերի տեղակայում ենք առաջարկում: Սակայն Բաքուն կտրականապես դեմ է»,-պարզաբանել է պարբերականի ռուսական ռազմադիվանագիտական աղբյուրը:
Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանում Գյումրիի ռուսական ռազմաբազան համալրվել է նոր զինտեխնիկայով: Միայն դեկտեմբերին հարվածային Մի-24Պ և տրանսպորտային Մի-8MT ուղղաթիռներ են մատակարարվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան