ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ներկայացրեց քաղաքաշինության նախարարության կողմից 2015 թվականին կատարված աշխատանքներն եւ առաջիկա ծրագրերը:
Նա նշեց, որ քաղաքաշինության ոլորտում օրենսդրական կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում, որը վերաբերում է փոքր օբյեկտներին լիցենզավորման պահանջներից ազատելուն: «Մինչև հիմա օրենքը պարտադրում էր, որ այս մարդիկ ունենան լիցենզավորված շինարարություն, և մինչ այս այդ հարցը մոտ 40 տոկոսով թանկացնում էր շինարարությունը: Հիմա արդեն այդ օրենսդրական փոփոխության միջոցով այդ խնդիրը լուծված է»,- հավելեց նախարարը:
Անդրադառնալով աղետի գոտուն` Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ աղետի գոտու բնակապահովման պետական ծրագիրն արդեն մոտեցել է ավարտական փուլին: Նախարար խոսքով` ծրագրի շահառու ճանաչված 5363 ընտանիքից 4398-ի բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2014 թվականների ընթացքում, 605 ընտանիքինը` ֆինանսական աջակցության հատկացմամբ, 3793 ընտանիքինը` ծրագրի շրջանակներում բնակարանների հատկացմամբ:
Նախարարն անդրադարձավ նաև Երևանի կրկեսի շենքին` նշելով, որ 2016 թվականին կավարտվեն աշխատանքները, և 2017-ին շենքը կհանձնվի շահագործման: