ՄԱՄՈՒԼԻ ՍԻՐԵԼԻ ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բելգիայում բնակվող մեր գործընկեր Մարգարիտ Սարգսյանը (աշխատել է Չորրորդ իշխանություն թերթում) բավականին հետաքրքիր հոդված է գրել, ինչը ներկայացնում ենք ստորեւ…
Անկեղծ ասած, ես այնքան էլ հաճախ չեմ գրիչ վերցնում, որովհետեվ վաղուց այնքան բան է ապականվել, որ անգամ ինչ-որ բան ասելն էլ է դարձել անիմաստ : Միայն բացառիկ դեպքերում, երբ հերթական Քաջ Նազարն է “մեջլիս” մտնում` ցույց տալով հայաստանյան իրականության` այլեվս անդառնալի թվացող խայտառակ վարընթացը. այդ ժամանակ չեմ դիմադրում լրագրողական արձագանքի իմ մղումին: 
Վերջին հոդվածներից մեկը, ինչպես եվ ենթադրում էի, շատերի “ազնիվ” վրդովմունքն է առաջացրել` ծանոթ ու անածանոթ, բարեկամ եվ ոչ այնքան բարեկամ: Ինչ արած, ճշմարտությունը հաճախ դառն է: Եվ ապարդյուն է ապավինել մարդկային հիշողության կարճատեվությանը: Կան մարդիկ, ում թվացել է, թե ժամանակը մոռացնել կտա ամեն բան, եվ վախկոտներն ու սրիկաները կկարողանանան ներկայանալ հերոսի կեցվածքով: Խոսքս կոնկրետ հոկտեմբերի 27 -ի մասին է: 
Ուզում են նորից ասել` եթե ոմանց դառնացնում է իմ սուր հիշողությունը, ասեմ, որ արդարությունը, փառք Աստծո, միայն իմ հիշողությանը չի ապավինել. քրեական գործի բոլոր հատորները պահպանվում են, եվ հուշակորույսները կարող են վերհիշել: Այդ թվում` դուք, իմ նախկին եվ ներկա որոշ ընկերներ: Բայց ձեր մասին հատուկ կգրեմ մի այլ առիթով, կգրեմ, որպեսզի թեկուզ ցավ պատճառելու գնով օգնեմ վերադառնալ ձեր սկզբին, ձեր մաքուր եվ ազնիվ ժամանակներին: 
Ստացվել է այնպես, որ քաղաքական դաշտի շատ դեմքերի ճանաչում եմ` իրենց լավ ու վատով, բայց հիմա կուզեի ընթերցողի դատին հանձնել մի քանի թռուցիկ նկատառումներ նախկին ոստիկանապետ եվ ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի մասին: Ճիշտ է, նրան ճանաչողները ասում են, որ նա անչար մարդ է եվ այլն, սակայն ով ? է կասկածում, որ մոտիկից շփվելու դեպքում ցանկացած մարդու մեջ կարելի է դրական հատկություններ գտնել : Հնարավոր է, որ եթե մեր երկիրը բնականոն ընթացքով զարգանար, Ալիկ Սարգսյանը զբաղեցներ իր ունակություններին վայել իր տեղը` առավելագույնը `ակումբի վարիչ , եվ շատ էլ սիրով աշխատեր ու ինքնադրսեվորվեր: Բայց քանի որ նա հայտնվել է իր ինտելեկտին եվ հոգեկերտվածքին անհարիր պաշտոններում, շարունակաբար սխալներ է թույլ տվել : 
Ալիկ Սարգսյանը այն մարդկանցից է, ում մամուլն առանձնակի քնքշանքով է վերաբերվում: Կարելի է ասել` մամուլի սիրելիներից է: Նրա հայտնվելը, ենթադրում եմ, ուրախացնում է նյութ փնտրող լրագրողներին . խեղճ մարդուն , երեվի, ընկեր-բարեկամները խաբել են, թե էնքան խելոք է, որ հենց բերանը բացում է` անխնա ասույթներ են հորդում: Բայց զվարճախոս եվ “արվեստին” մոտ կանգնած մարդու դիմակի տակ թաքնվում է իրականում վտանգավոր մեկը, ամեն ինչից ալքիմիկոսի հմտությամբ փող սարքող, բախտից հարբած եվ շփոթված մեկը: Մանրամասները հայտնի են մամուլից, ես միայն կթվարկեմ, վստահ եմ, որ նորություն չկա այս համառոտ հիշեցումների այս շարքում: Թերեվս, միայն մեկը: 
Խրոնոլագիան մի կողմ դրած` հիշեցնեմ այն կարեվոր գործերը, որտեղ առնվազն շոշափվել է Ալիկ Սերգեյիչի անունը: 
“Գառնիի Սուրիկի լավաշի” գործ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Մհերյանի սպանության գործ. եթե այս երկուսին գումարում ենք Մարգար Օհանյանի եվ Հովհաննես Թամամյանի գործերը, ստացվում է, որ խոսքը ծանր հանցագործությունների մեջ առնվազն կասկածվող մարդու մասին է: Հարցն, իհարկե, ունի նաեվ բարոյական կողմ` Մհերյանը նրա տեղակալն էր, Մարգարի եվ Թամամի հետ մի փութ հաց է կտրել, գառնեցիների հետ էլ, կարծես թե, բարեկամական կապեր ունի: Բայց քանի որ Հայաստանում հարցի բարոյական կողմը վաղուց ավելորդ սենտիմենտ է համարվում, իսկ ընկեր-բարեկամներին փուռը տալը հանցանք չի դիտվում` սովորական բան դարձած լինելու պատճառով, թող մնա խնդրի իրավական կողմը: 
Եթե իրավական երկրի գոնե հեռավոր նմանություն լիներ, այդ գործերը պետք է այլ ընթացք ունենային` Ալիկ Սարգսյանի մասնակցությամբ եվ պատասխանատվությամբ հանդերձ: Մարտի մեկի մեջ Սերգեյիչի ունեցած դերակատարության եվ իբրեվ պարգեվատրում դրան հետեված նշանակմնան մասին նույնիսկ չարժե խոսել` ամենանսեմ քայլերի ունակ այդ մարդը դարձավ ՀՀ ոստիկանապետ, իրականում անկարող լինել ինքնուրույն բացահայտել անգամ բնակարանային մի կողոպուտ: Սա, ի դեպ, համակարգի պրոֆեսիանալների կարծիքն է: 
Եթե Հայաստանն իրավական երկիր լիներ, այս մարդը պետք է պատասխանատվության կանչվեր հեղափոխությունը “օրորոցում” խեղդելու իր սպառնալիքի, “բոմժերի” առթիվ արտահայտած իր հանցածին մտածողության եվ ցանկացած հարցազրույցում սպրդող պատժի արժանի դատողությունների համար: Սակայն նա շարուկանում է պաշտոնավարել եվ անգամ, ըստ խոսակցությունների, նախագահական ամբիցիաներ է փայփայում: Մեղա քեզ, Տեր… 
Ալիկ Սերգեյիչի կերպարը բացահայտող դրվագ է ոստիկանությանը կից հանրային խորհրդի “պատվավոր” անդամ, եվ, ի դեպ, վարչապետի նախկին խորհրդական, Սերոբ Տեր-Պողոսյանի հետ կապված պատմությունը` կենացի հանգույն դրվատանքի խոսքերը` մանկապիղծի տված փողերի դիմաց: Շատ զվարճալի էր հետեվել նաեվ Արարատի նախկին երկու մարզպետների պատերազմին` Վարդգես Հովակիմյանին աշխատանքից ազատել էին Սերգեյիչի ջանքերով, վրան քրեական գործ հարուցել, սակայն Հովակիմյանն էլ հայտարարել էր բաներ, որոնք, եթե ապացուցվեն, ամբողջովին շրջվելու են Սարգսյանի դեմ: 
Սերգեյիչը հայտնի է նաև ԱԺ նախագահ, իր երբեմնի հովանավոր Հովիկ Աբրահամյանի դեմ ձեռնարկվող հնարավոր եվ անհնար պայքարով` բամբասանքներից մինչեվ Եվրոպայում գործող ինչ-որ կոմիտե, որ իրականում գոյություն չունի, որովհետեվ Եվրոպայում հիմարությունները իրավական կարգավիճակ չեն ստանում: Չեղած կազմակերպության մասին լուրերը պարբերաբար հրապարակ նետելով` Սերգեյիչը հույս ունի , իբր, ահուսարսափի մեջ պահել Հովիկին: Մնում է ասել, որ դա Ալիկ Սերգեյիչի իր անլրջության վերջին ապացույցն է: 
Մի ժամանակ Բելգիայում լուրեր տարածվեցին, թե Մկան “զոքանչն” է եկել Բելգիա եվ արտաքսվել: Բելգիահայության շրջանում, սակայն, արագ ճշտեցին, որ խոսքը Սերգեյիչի “զոքանչի” մասին է, պարզապես “հարսը” ավելի շահավետ եւ պատվաբեր է գտել ներկայանալ Հովիկի կողմից, քան Ալիկի: “Հարսը” մի տիկին է, որ ինչ-որ պաշտոն է զբաղեցնում եվ փոխեփոխ օգտվում է այդ երկու անունների բարձր հովանուց: 
Ճիշտն ասած, մանրամասները ինձ չեն հետաքրքրել, սակայն արժե, որ դրանք անուշադրության չմատնեն համապատասխան մարմինները: Նաեվ այդ պատճառով չէ?, որ Հայաստանը դատարկվում է արդեն ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ: Հիմնավոր կրթություն ստացած, Հայրենիքը սիրող մարդիկ չեն կարողանում հանապազօրյա հաց վաստակել, իսկ դուրսպրծուկները ապրում են սուլթանի կամ հարեմի առաջին տիկնոջ շքեղությունների մեջ: Եվ մի ասեք, թե չի կարելի մտնել ուրիշների անձնական կյանքի մեջ, որովհետեվ այդ մարդիկ անձնականն ու անանձնականն այնպես են համատեղում, որ անգամ դժվար է զատորոշել` որտեղ է ավարտվում անձնականը, եվ որտեղից է սկսվում անանձնականը: 
Կարող էի ընդհանրապես անտեսել սույն արարածին, որովհետեվ նա այսօր իշխանության մեջ հայտնված իր հոգեվոր եղբայրներից եվ քույրերից ընդամենը մեկն է: Եվ , այո, կարող է եվ շփման մեջ դրական ինչ-ինչ որակներ ունի, ինչպես պնդում են նրան ճանաչողները: Սակայն ես ունեմ գնատատման իմ սկզբունքը: Կան բաներ, որոնք պարզապես չի կարելի թույլ տալ: Վստահ եմ, որ ոչ միայն ներկա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, այլեվ անգամ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը , նույն Հովիկ Աբրահամյանը եվ էլի լիքը մարդիկ, իրենց թույլ չէին տա այն, ինչը թույլ է տվել Ալիկ Սերգեյիչը: Անգամ ամենավառ մանկական երազանքներում ոստիկանապետի աթոռի մասին չերազած Ալիկ Սարգսյանը ժամանակին ուսադիրովորների մի բրիգադ էր ուղարկել Արարատ գյուղ` խուզարկելու Արամ Սարգսյանի անձնական ավտոմեքենան: 
Գրետա մայրիկը հրաժարվել էր նրանց հանձնել ավտոմեքենայի բանալիները, բացատրելով, որ դա Վազգենինն է, եվ իրենք էլ հրաշալի գիտեն, որ այդ մեքենայում իրենց փնտրելու ոչինչ չկա, որ պետք չէ այդքան գլուխները կորցնել եվ ոտնահարել պատիվն ու բարոյականությունը: Ոստիկանները պատասխանել էին, թե հրահանգը անձամբ Սերգեյիչի կողմից է, եվ ինչ գնով էլ լնի` պիտի կատարեն: “Կջարդենք դուռը, կբացենք. ճար չունենք”` արդարացել էին: Խուզարկել էին եվ ամոթահար հեռացել, որ զեկուցեն, թե ինչպես հերոսաբար ավարտեցին օպերացիան: 
Հասկանում եմ, որ արցախյան պատերազմի ժամանակ մի տեղ թաքնված Սերգեյիչը չի հասկանում եվ այս կյանքում այլեվս չի էլ կարողանա հասկանալ Վազգեն Սարգսյանի պատմական դերն ու ներդրումը մեր հաղթանակի մեջ: Ինչպես նաեվ բարոյական շատ ու շատ արժեքներ: Հասկանում եմ, որ մարդը մեղավոր չէ, որ ի ծնե վախկոտ է: Վախկոտ նա կարող է լինել, բայց կարող էր այսքան անազնիվ չլինել: 
…Եթե սույն պարոնը մնար ինքն իր տաղանդների եվ շենք ու շնորհքի հանդեպ հրճվանքով լցված “յալանչիի” դերում, էլի ոչինչ : Բայց եթե խորը մտածենք, նա էլ է զոհ, չէ? Հանգամանքները նրան դրել են իր ուժից վեր լծի տակ: Մինչդեռ առավելագույնը , որ նա կարող էր ակորդեոնի ծանրությունն էր` կնվագեր եվ ծոր կտար “Вот такая доля воровская”, կծաղկեցներ մարդկանց քեֆ-ուրախություններն ու հարսանիքները: 
ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս