ՀՔԾ վարույթ են ընդունվել մի շարք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ են ընդունվել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում մի շարք ընտրական տեղամասերում հանրաքվեի արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Մասնավորապես՝ ըստ հաղորդումների՝ հանրաքվեի արդյունքներն առերևույթ կեղծելու դեպքեր են արձանագրվել թիվ 4/4, 4/6, 4/10, 4/15, 4/18, 4/21, 5/38, 11/22, 15/18, 23/42, 7/22, 7/14, 4/32, 4/12, 4/2, 4/28, 4/33 ընտրական տեղամասերում: Հիշյալ ընտրական տեղամասերում կազմակերպված հանրաքվեի արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված թվով 9 քրեական գործերն ընդունվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել նաև թիվ 5/28 ընտրական տեղամասում քվեարկության ընթացքը լուսաբանող, «hetq.am» կայքի թղթակից Դիանա Ղազարյանի հաղորդման հիման վրա՝ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Այսպիսով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ քննվում են 23 քրեական գործեր:
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն




Լրահոս