ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հռոմի ,Թոր Վերգատաե բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում բարեգործական առաքելությամբ։
“Ուրախ եմ, որ ներկայացնելով հեղինակավոր ուսումնական հաստատություն և կլինիկա, Հայաստանում եք գտնվում մեզ համար չափազանց կարևոր՝ մանկական հիվանդանոց ստեղծելու առաքելությամբ։ Երեխաների առողջության պահպանումը Հայաստանում թիվ մեկ գերակայություն է, և ՀՀ կառավարությունը նման ծրագրերին մեծ կարևորություն է տալիս”,-ողջունելով իր հյուրերին՚ ասաց նախարար Դումանյանը։
Ռենատո Լաուրոն ներկայացրեց, որ իրենց այս ծրագիրը ծնվել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ մի շարք հանդիպումների արդյունքում։ Ավելին, այս ծրագրի շուրջ եռակողմ համաձայնագիր են կնքել “Թոր Վերգատա” համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն, “Դադիվանք” հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը և “Անաստասիս” ընկերակցության նախագահ Ռիկարդո Աքուիլան։
40 հազար ուսանող ունեցող Հռոմի “Թոր Վերգատա” համալսարանն այս ուղղությամբ արդեն իսկ մեծ փորձառություն ունի։ Մանկական հիվանդանոցներ է կառուցել Ալբանիայում և Կոնգոյում։ Իսկ վերջերս Հռոմում կառուցել է 800 մահճակալով հիվանդանոցային համալիր՚հանրակացարանային, մարզային, հյուրանոցային (հիվանդների հարազատների համար) և այլ հարակից կառույցներով։ Ավելին՚ ծրագրել են Հռոմում կառուցել նոր համալիր՝ էկոլոգիապես մաքուր նյութերով։
Թե ինչու է որոշվել հերթական հիվանդանոցը կառուցել Հայաստանում, պատվիրակության Իտալիայի կառավարության անդամն իր մեկնաբանությունն ունի. հաշվի է առնվել երկու երկրների երկարամյա բարեկամությունը, այն, որ Հայաստանը քրիստոնեության օրրան է, ինչպես նաև այն որ, հայերը շատ բան են տվել Եվրոպային ու մասնավորապես Իտալիային։ Այսօր Հռոմում աշխատող հազարից ավելի բժիշկներից շատերը հաջողված, ոմանք էլ ճանաչված մասնագետներ են։
Պատվիրակության անդամներն ընդծեցին, որ Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում ևս առնչվում են պրոֆեսիոնալիզմի ու բարձր կարողությունների հետ։
Նրանք Դերենիկ Դումանյանին հաղորդեցին, որ Երևանում մանկական հիվանդանոցի կառուցման վայրը հստակեցնելուց հետո մի քանի ամսվա ընթացքում ձեռնամուխ կլինեն միջոցների հայթայթմանը։ Հյուրերը նախարարին վստահեցրին, որ այս ծրագիրը համագործակցության նոր հեռանկարներ կբացի և բազմապրոֆիլ այլ ծրագրերի սկիզբը կդրվի։
ՀՀ առողջապահության նախարարն իտալացի գործընկերներին շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար բավական օգտակար ծրագիրն ու հեռահար նախագծերը մանրամասն ներկայացնելու համար։ Նա էլ իր հյուրերին ներկայացրեց հանրապետությունում կառավարության կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ մարզերում ժամանակակից հիվանդանոցներ կառուցելու շարունակականության, ուռուցքաբանության զարգացման, համակարգի առաջնակարգ բաժանմունքները կրթական նպատակներով որպես կլինիկական համալսարանական բազաներ տրամադրելու և այլնի մասին։
Իտալական պատվիրակությունը, հետաքրքրություն ցուցաբերելով ոսկրածուծի փոխպատվաստման հեռանկարի նկատմամբ, պատրաստակամություն հայտնեց առաջիկայում համագործակցել ինչպես այդ, այնպես էլ դեղագործության ոլորտում։
“Հիվանդանոցը, որ պետք է կառուցվի մեր կողմից, չպետք է մրցակցի ձեր մյուս կլինիկաների հետ։ Սակայն այդ կենտրոնին մեր համակողմանի աջկցությունն ենք ցուցաբերելու, և ժամանակի ընթացքում այն իր դրական ազդեցությունն է ունենալու մանկաբուժության առաջընթացի գործում։ Պարոն Բաբլոյանի հետ ունեցած մեր հանդիպման ընթացքում համոզվել ենք, որ ձեր երկրում այս ուղղությամբ լուրջ հիմքեր կան”,-ասաց Հռոմի “Թոր Վերգատա” համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն։
Նախարար Դումանյանը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Իտալիայի կառավարությանը և ժողովրդին նման աջակցության համար։
“1988-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Վատիկանը Քամիլյան եղբայրների ֆինանսավորմամբ Աշոցքում հիվանդանոց կառուցեց, որը մինչև այսօր սպասարկվում է այդ հիմնադրամի կողմից։ Հանգամանքների բերումով ես ներկա եմ եղել թե հիվանդանոցի բացման, թե 20-ամյակի արարողությանը։ Հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է իր ազնիվ բարեկամներին։ Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք շատ ոլորտներում կփոխհամագործակցենք”,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։